Երկեր եւ վիպակներ
 Ատրպետ


Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով: «Տժվժիկում» Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: «Գոգավորներ» եւ «Որդեսեր հայրը» պատմվածքներում Ատրպետը անձնազոհության եւերախտամոռության այնպիսի բեւեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետեւողական մտահոգությունը:Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ «Ծպտյալ սուլթանը», «Օրինական ժառանգ կամ խոփ» զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյականըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները: Ատրպետի սոցիալական պատմվածքներում («Քյուլհան բեյի», «Ղադի, «Կաղ Նազո», «Խառա-Խրխա» եւ այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումնունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության եւ աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձեւավորվող սոցիալականպայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ:





Ատրպետ

Երկեր և վիպակներ





ՏԺՎԺԻԿ


Սրանից շատ տարի առաջ Էրզրումի մեջ ապրում էին տնանկ Ներսես-ախպարն ու մեծ կարողության տեր Նիկողոս-աղան: Վերջինս Կ. Պոլսում երկար ապրած լինելով` լավ հունարեն գիտեր, այդ պատճառով էլ կարնեցիք նրան մյուս Նիկողոս-աղաներից զանազանելու համար Ուռում-Նիկողոս էին կանչում:

Ներսես-ախպարն էլ ժամանակին շատ հարուստ է եղել, մեծ օջախի որդի, խոսքը փաշաների, վեզիրների քով անց, բայց չարաչար ձախորդությունների է հանդիպել: Նրա ապրանքների քարավանները Կ. Պոլսի, Դամասկոսի ճանապարհների վրա ավարի են մատնվել ավազակների ձեռքը, նավերը Սև ու Միջերկրական ծովերում ծովահենների ձեռքն են անցել, ոչխարների հոտերը քշել տարել են, իսկ քաղաքում ունեցած ապրանքների մթերանոցները և հացի շտեմարանները կրակի են տվել, վառել նրա հակառակորդները: Այնպես քայքայվել էին նրա մյուլքերը, խաները, խանութները, որ բոլորի հիմքն արեգակն էր ելել, այս ու այն եկել, բռնի տիրացել ու իրենց համար կալվածներ էին շինել: Ներսես-ախպարն այնպես մոլորվել, այնպես հուսահատվել էր, որ ամեն բան` ապրելը, կյանքն անգամ աչքից ընկել էր, զզվել չարասիրտ դրացիներից և տանջանքով քաշքշվում էր:

Թեև փլված, խարխլած, բայց մեծության նշանները դեռ երևում էին նրա տան արտաքին տեսքից, իսկ ինքն էլ թեև հին հագուստ էր հագնում, մաշված ու մաղված, բայց ժամանակին այդ շորերն ինչ թանկագին կերպասներից կազմված լինելը հայտնապես նշմարվում էր: Նա ծերացել, կորացել, դեմքը կնճիռներով ծածկվել էր, բայց վեհ հոգին դեռ չէր կորցրել: Խեղճ էր, աղքատ էր Ներսես-ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել:

Մի օր բազարում Նիկողոս-աղան մսագործի խանութի առաջ պատահեց Ներսես-ախպորն ու նրա համար տասը փարայի (մեկևկես կոպ.) մի ոչխարի թոք գնելով՝ ասաց,

– Ներսես-ախպար, այս թոքն էլ դու տար ձեր տուն:

– Շնորհակալ եմ, – ասաց Ներսես-ախպարն ու թոքը մսագործի ձեռքից առնելով` Նիկողոս-աղայի հետ վերադարձան իրենց տները: Նիկողոս-աղան մի շախկա միս էր առել, ամբողջ դմակն էլ հետը, տվել էր ծառայի կռնակը, որ ետևից գալիս էր, իսկ Ներսես-ախպարն էլ, համեմատաբար մի քայլ ետ ընկած, հետևում էր Նիկողոս-աղային:

Երբ շուկայից դուրս եկան, Նիկողոս-աղան ասաց Ներսես–ախպորը, փորձված մարդու խրատական շեշտով.

– Գիտես, քրոջս (այսինքն` Ներսեսի կնոջը) ասա, թող թոքերի, սրտի ճարպերն առաջ սուր դանակով լավ մաքրե, հետո այդ ճարպը կրակի վրա սկավառակում հանդարտ հալեցնե, մի օր այդ ճարպի մեջ սպիտակ թոքերը տապկե, մյուս օրը սևը և երրորդ օրը սիրտը: Պատվիրիր, որ լավ մանրե թոքերը, թե չէ տժվժիկը համով չի լինիլ: Գիտես, Ներսես-ախպար, մենք բարեկամ ենք, այդ պատճառով բարեկամական խորհուրդ եմ տալիս: Խո տեսնում ես, թե որքան դժվար է մի բան առնելն ու տանելը: Կես կյանքդ մաշվում է, հապա որքան դժվարությամբ է մարդ տասը փարա աշխատում: Պետք է տնտեսությամբ ապրել, ատամի տակից պետք է ավելացնել, ետ ձգել: Ասա քրոջս, թող կրակը մեղմ վառե, որ ճարպը չսևանա ու չփչանա, փայտին էլ խնայողություն կլինի, կերակրի էլ համը չի կորչի, և սեղան բերելիս՝ թող ճարպը լավ քամե, պահե, որ մյուս օրվան տապկոցին բանեցնե: Դեռ եթե լավ տնտես լինի մարդուս կինը, կարգին տնարար, տժվժիկի եղն այնպես խնայողությամբ կբանացնե, օր չորրորդ օրը նրա մեջ կարողանա բիշի եփել և մանր ու խոշորին կշտացնել: Տժվժիկը շատ համով բան է, բայց հարկավոր է լավ, զգուշությամբ աղը, տաքդեղը կարգին լցնել և մեղմ կրակով տապակել: Ավելի լավ կլինի, որ սև թոքի և սպիտակ թոքի կեսերը մի օր եփե, մյուս օրը` մնացորդները: Որքան համով կլինի տաք-տաք մարդ փափուկ լավաշի մեջ բրդուճ անե ու խշտե: Ներսես-ախպար, երբ երևակայում ես, թուքդ չի՞ վազում…

Ներսես-ախպարը լուռումունջ հետևում էր բարերար Նիկողոս-աղային և վերջինս երբ հարցեր էր տալիս ու նրա երեսին մտիկ անում, Ներսես-ախպարը գլուխը խոնարհեցնում էր համաձայնության նշան տալու ձևով: Նիկողոս-աղան սպասում էր, որ Ներսես-ախպարը շնորհակալություն հայտնի, երախտագիտությունն արտահայտի լեզվով ու որոշ բառերով, բայց Ներսեսն ամոթից ձայնն անգամ չէր կարողանում բարձրացնել: Նիկողոս-աղան, իբր մի մեծ բարիք գործած, դարձյալ շարունակեց իր խրատական հորդորներն ու տիրական հարցերը, Ներսես-ախպոր բերանից երախտագիտության խոսքեր լսելու մտքով, բայց Ներսեսը, խորասուզված դառն մտքերով, չէր էլ ըմբռնում Նիկողոս–աղայի ասածները:

Խեղճ Ներսես, ասում էր նա իր մտքում, մի ժամանակ հարյուրավոր աղքատներ, կարոտյալներ, թշվառներ և օտարականներ քու հովանու տակ պատսպարան էին գտնում, ուտում, խմում, կշտանում, հագնվում և ծածկվում ու այնպես ճանապարհ ընկնում, հարյուրավոր կարոտյալներ գործ էին ճարում քո դռանը և ընտանիքներ ապրեցնում, ամեն մի դրացուդ, ծանոթիդ ու անծանոթիդ օգնության էիր հասնում և ոչ ոքից մի օր երախտագիտության նշան մտքովդ անգամ չէր անցնում պահանջել, իսկ այսօր Ուռում-Նիկողոսը, կարկատող Թոդորի որդին, մի թոք առնե ընտանիքդ կերակրելու համար, այդքան քարոզ կարդա գլխիդ և երախտագիտություն պահանջե…

Մինչև տուն հասնելն էլ ինչ քարոզ չկարդաց Նիկողոս-աղան Ներսես-ախպոր գլխին, ինչ խրատներ չտվեց, որ ժուժկալ լինի, քչով բավականանա, ուրիշի արած բարիքը գիտենա և ոչ ոքի երախտապարտ չմնա: Նա ասում էր անդադար.

– Ինչ մեծ բան է, որ տղայիդ ուղարկես մի օր գա մեր աթարը կտրե, խո հոգին չի դուրս գալ, ձեռները չեն չորանալ: Ես տանը մի քանի տեսակ ծառաներ ունիմ. այնքան ձրիակերներ, հացկատակներ կան, որ կարիք չունիմ ուրիշ մարդու: Բայց թող լինի, պատիվ պահելը մեծ բան է: Մի օր աղջկադ ուղարկե, թող գա մեր տախտակները լվանա, ինչ վնաս, խո մեջքը չի՞ կոտրի: Մեր տունը, խո գիտես, մի քանի տասնյակ բան անողներ, աղախիններ կան, մեր սենյակների հատակներն այնքան մաքուր և այնպես ճերմակ են, որ եղ թափես՝ կժողովվի, առանց մի հատը աղտոտելու կամ փչանալու. բայց իմ ասելը, միտքս ուրիշ է: Պատիվ պահե, որ պատիվդ բարձրանա: Եթե քո կինը մի օր գա և մեր լվացքը լվանա կամ հացը եփե, խո չի՞ մեռնիլ. բայց չէ որ կինս նրա պատիվը պիտի պահե, փոխադարձաբար նրա վրա իր շնորհքը պիտի ավելացնե:

Նիկողոսը ճարպիկ մարդ էր, իսկ Կ. Պոլսում երկար ապրելով՝ լեզվել ու զելվել էր: Այնքան լեզու թափեց, որ խլացուց Ներսես-ախպորը, որ մտքում ասում էր. «Երանի այսօր քեզ պատահած չլինեի, գլուխդ ուտեր այս թոքը: Թող ընտանիքս քաղցից կոտորվեր ու դու այս թոքն ինձ չտայիր տուն տանելու»: Բայց Նիկողոսը խո մարգարե չէր, որ հասկանար Ներսես-ախպոր մտքիցն անցածն ու խոսքը փոխեր: Նա միայն մի բանի էր ձգտում, որ մարդիկ ասեն, խոսեն, թե կա-չկա Էրզրումում մի մարդ կա, այն էլ Ուռում-Նիկողոսն է և ամենքն էլ երախտագիտությամբ խոնարհվեն նրա առաջ:

Երբ հասան Ներսես-ախպոր դռան առաջ, Նիկողոս-աղան կանգնեց ու ասաց. «Տանդ տեղը շատ լավ է եղել, բայց ափսոս որ շինողներն անտաշ, կոպիտ մարդիկ են եղել, այնպես չեն կարողացել շինել, որ դարերի դեմ կռվի»: Ուզում էր այս խոսքերով ծակծկել Ներսեսի սիրտը և իր մեծությունը, հեռատեսությունը ցույց տալ:

Երբ Ներսես-ախպարն արտորում էր տուն մտնել, Նիկողոս-աղան էլ ճար չգտավ նրան խոսեցնելու, ասաց.

– Ցանկանում եմ բարի ախորժակ, համով ուտես տժվժիկը:

– Շնորհակալ եմ, – ասաց Ներսես-ախպարը և արագ քայլերով ներս մտավ իր տունը, հազիվ ազատվելով Նիկողոս-աղայի ձեռքից:

Մեծ էր Ներսես-ախպոր ընտանիքը: Կինն արդեն թանը պատրաստել էր, ելավ տժվժիկն էլ եփեց, նստան կերան և հազիվ կշտացած՝ սեղանից բարձրացան: Մեծ տան զավակներ, տնանկացած, թանապուրով կամ տժվժիկով մի՞թե կարելի էր նրանց կշտացնել… Բայց ամեն բան համբերությամբ տանում էին, և ձայները մարդ չէր լսում:

Իրիկնադեմին, երբ ծանր քայլերով ժամի կողմն էր գնում Ներսես-ախպարը, որ դիմե իր արարչին, նրա օգնությունը և ողորմածությունը խնդրե, ճանապարհին պատահեց Նիկողոս-աղան և ասաց.

– Բարի իրիկուն, Ներսես-ախպար, քեֆդ, հալդ ինչպես է՞. ինչպես նկատում եմ՝ առույգ-առույգ ես փոխում քայլերդ, երիտասարդի ուժ ես ստացել: Ինչպե՞ս էր տժվժիկը, համո՞վ էր, կարգին տապակե՞ց քույրս…

– Շատ օրինավոր, աղա ջան, շատ շնորհակալ եմ, տունս, բոլորս էլ շատ շնորհակալ ենք, – արագ-արագ պատասխանեց Ներսես-ախպարը, որպեսզի Նիկողոս-աղան տժվժիկի մասին խոսքը թողնե, ուրիշ բանից խոսե, որ չլինի թե ժամավորները լսեն, և նա անարգվի, պատիվը վիրավորվի:

– Երևի լավ ախորժակով ես կերել, կարծես թարմացել ես, գույնդ մինչև անգամ փոխվել է, խո աղը, տաքդեղը, տապակվածքը կարգի՞ն էր, – ասաց զվարթորեն Նիկողոս-աղան, առանց նկատողության առնելու, որ իր ձայնը փողոցից անցուդարձ անողները լսում էին, և Ներսես-ախպարը, զայրույթից կուչ եկած կարծես ուզում էր, որ գետինը ճեղքվի և ինքը մեջն ընկնի:

– Ամեն բան, ամեն ինչ կարգին էր, – ասաց կակազելով Ներսես-ախպարը, որպեսզի մի կերպ վերջ տա այդ խոսակցությանը, բայց Նիկողոս-աղան անպատճառ ուզում էր, որ այն օրվա ժամավորները բոլորն էլ լսեին, թե ինքը մի տասը փարանոց թոք է ողորմացել իր դրացուն` Ներսես-ախպորը:

– Ողորմած հոգի մայրս, – ասաց խոսքը շարունակելով Նիկողոս-աղան, – խիստ լավ տժվժիկ էր եփում, այնպես պատվական, որ երբ դռնով տուն էիր մտնում, նրա տապկոցի անուշ հոտից կշտանում էիր: Այնպես համեղ էր լինում, որ նրա մահից հետո կարոտ եմ մնացել մի համեղ տժվժիկի: Ափսոս հները մեռան, իրենց հետ կարգն ու սարքը գերեզման տարան: Քանի-քանի անգամներ ախորժակս գրգռվել է, սիրտս ուզել է մի համեղ տժվժիկ, բայց ե՞րբ կարող են հիմիկվաններն այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել: Բայց քույրս նորերից չէ, նա կարծում եմ, որ լավ տնարար պիտի լինի և համոզված եմ, որ քեզ այսօր անփոխարինելի պատվական տժվժիկ կերցրած է. խո սխալված չե՞մ: Հը՞, լավն էր, չէ՞, – ասաց ժամի զավթում կանգնելով Նիկողոս-աղան, աչքերն ուղղելով Ներսես-ախպոր երեսին:

– Ի՞նչպես չէ, ի՞նչպես չէ, հրաշալի էր, – ասաց Ներսես-ախպարը և շտապեց եկեղեցի: Բայց եկեղեցում փոխանակ աղոթելու, փոխանակ փառաբանելու, սկսեց գանգատվել իր տիրոջից, թե բավական չէր, որ նրան այդ վիճակի մեջ էր գցել, բավական չէր, որ այդքան զրկանքների և անարգանքների էր մատնվել, այժմ էլ տանջվում էր Նիկողոսի` նման մի փառասերի ճանկում:

Հետևյալ առավոտ բազար էր գնացել Ներսես-ախպարը: Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան: Կային այնպիսի բարի հոգիներ, որոնք նրա անցկացրած փառքի օրերից քաջ տեղյակ լինելով, առանց նկատելու, միայն մի ակնթարթով ղայֆաջուն իմացնում էին, որ մի ֆինջան սուրճ տա Ներսես-ախպորը: Այնպես որ, առանց մարդ իմանալու, առանց մեկի մյուսի գիտենալու, սա, նա մի-մի ֆինջան սուրճով պատվում էին տնանկին և նա, որպես իր գրպանից վճարելով, պատվավոր կերպով հեռանում էր սրճարանից: Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, Նիկողոս-աղան մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Ներսես-ախպոր դիմաց: Ներսեսի սուրճը քթից եկավ: Նա զգաց, որ Նիկողոսը անպատճառ իր բարերարության խոսքը բանալու է, այն էլ հրապարակով: Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց Նիկողոս-աղան.

– Հը, ինչպե՞ս ես, Ներսես-ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք տժվժիկը, համո՛վ էր, հը՞: Մարդու քեֆը կգա, երբ սրտի ուզածին պես պատրաստեն կերակուրները:

– Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, – կմկմաց Ներսես-ախպարը, հուսալով, որ Նիկողոս-աղան իր պատվից կամաչե և չի պարզի թոքի պատմությունը, թեև սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ-արագ թրթռալ:

– Այդ ի՞նչ տժվժիկ է, – մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը:

– Ոչինչ, – ասաց Նիկողոս-աղան, ծանրացնելով խոսքը, – երեկ մեր մսագործի մոտ մի լավ թոքը տեսա. սիրտս ուզեց, առա, որ տուն ուղարկեմ, բայց ափսոսացի, որովհետև մեր տնեցին կարգին չի կարող ուզածս տժվժիկը եփել: Այդ մտմտուքի մեջ էի, որ պատահեց Ներսես-ախպարը, իսկույն տվի նրան: Ասի, մեկ չէ՞ մեր տուն ղրկած, ձեր տուն ղրկած: Փառք աստծու, մենք դրացիներ ենք, ջոկողություն երբեք դրել չենք իրար մեջ, «իմ ու քո» ե՞րբ է մտել մեր մեջ, ո՞վ է փնտրել: Մենակ քեֆս եկավ, ես հավատացած եմ, որ քույրս չէր փչացնի այն պատվական թոքր, կարգին բան կեփեր: Իմ ուզածն էլ այն է, որ բանը տեղն առնե ու լազաթ ունենա: Մեր տուն որ ղրկեի՝ զահրումար էր դառնալու, ո՞վ կարող էր թիքա ուտել: Լավ բանը սիրում եմ, գիտեմ, որ քույրս այնպես տապակած կլիներ, որ Ներսես-ախպարը համից, հոտից հարբած` մատներն էլ խածոտած կլիներ տժվժիկի պատառների հետ: Դեհ, այժմ շարունակությունը դու պատմե, Ներսես–ախպար, ես իմս պրծա:

– Էհ, ինչ պատմեմ, շնորհակալ եմ, եփեցինք, կերանք, պրծանք գնաց, – ասաց Ներսեսը կարմրելով:

– Անուշ լինի, խոսքս դրա մասին չէր: Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր տապակած տժվժիկը, Համո՞վ էր:

– Շատ համեղ, շատ ախորժելի, – ասաց սիրտը մորմոքելով Ներսես-ախպարը` ողջ անձով քրտնած, թրջված:

– Այդ հասկանում եմ, մարդ ուզածը գտնե, տեղովը, տեղակի:

Ներսես-ախպարը դուրս եկավ այլևս կիրքը չկարողանալով զսպել, բայց Նիկողոսին էլ հաճելի էր, որ ամեն տեղ տժվժիկի պատմությունը խոսվի, որտեղ որ պատահեր, ուր որ հանդիպեր, խոսքը տժվժիկի մասին պիտի բանար կամ այդ մասին պիտի տար:

– Ներսես-ախպար, հիշու՞մ ես թոքը, կամ թե` «ինչպե՞ս, համե՞ղ էր տժվժիկը»: Ողջ քաղաքը տժվժիկի ցավն ընկավ, Նիկողոսն ամեն տեղ պատմեց ու խոսեց:

Անցավ մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, վեց ամիս, վերջապես տարի, բայց Նիկողոս-աղան, որտեղ պատահեր` պիտի հիշեցներ Ներսեսին թոքը և տժվժիկը՝ թե փողոցում, թե եկեղեցու գավթում, թե սրճարանում, թե բաղնիսում, թե հարսանիքում, թե, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Ներսես-ախպոր քթից, պնչից դուրս եկավ Նիկողոս-աղայի գնած թոքի տժվժիկը: Էլ համբերությունը սպառած, մի օր նույն մսագործի խանութի դռան առաջ կանգնած, վերարկուի տակ մի բան թաքցրած` սպասում էր Ներսես-ախպարը: Դեպքն այնպես բերեց, որ Նիկողոս-աղան էլ այնտեղ եկավ իրենց ծառայի հետ միս առնելու և նկատելով Ներսես-ախպորը, ասաց.

– Ներսես-ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես: Հիշո՞ւմ ես այն թոքը, այն համեղ տժվժիկը…

– Ահա ա՜ռ քո թոքը և ձայնդ կտրե, – ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս–աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց` երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված:




ԾՊՏՅԱԼ ՍՈԻԼԹԱՆԸ


Հարյուր ու քանի մը տարի սրանից առաջ, երբ ենիչերիների և կղերի ձեռքով գահ բարձրացավ սապատողն թուրքաց Սելիմ Գ. սուլթանը, նախորդների սովորության համաձայն իր վարժապետ խոջայի հետ ծպտած` դուրս եկավ Էսկիսարայ պալատից՝ մայրաքաղաքը շրջելու և հասարակության գանգատները կամ գոհունակությունները անձամբ լրտեսելու: Նա հագել էր Թեքքեի դերվիշի աղքատիկ հագուստ և գլխին ծածկել թաղիքի երկար նարնջագույն գդակ, այնպես որ ոչ ոք չէր կարող երբեք նրան հասարակ դերվիշից զանազանել: Սուլթանին առաջնորդող Խոջան էլ թեև մոլլայի կապույտ ջուպպե ուներ հագին և սպիտակ ապարոշ գլխին, բայց սա էլ իր տիրոջ սուլթանի նման շատ համեստ էր հագնված, և երկուսն էլ երկար համրիչները ձեռքներին՝ ծանր քայլերով և մեղմ խոսակցությամբ Գյուլ–Խանեի նավամատույցից նավակ նստան և, ծովի երեսին քիչ պտույտ անելուց հետո, որպես հասարակ քաղաքացիներ, դուրս եկան Պալըգ-Խանեի նավամատույցը:

Դեռ չէին մոտեցել ծպտյալները նավամատույցին, երբ հեռվից նկատեցին մի գեղեցիկ հագնված երիտասարդ, որ հսկա քայլերով նեղ փողոցից դուրս գալով՝ հասավ նավամատույց և մենակ մի նավակ վարձեց, որ նրան անցկացնե Ոսկեղջյուրի վրայով դիմացը՝ Ղալաթիա: Այնքան կոկլիկ էր այդ երիտասարդի սև սաթի նման փայլող ջուպպեն, Բուխարայի այնքան նուրբ մորթուց էր կարված ղալփաղը (գդակ), այնպես կուրծք ու մեջքին կիպ փաթաթված էր նրա սև քիշմիրե էնթարին և սև գոտին, որ ահագին բազմության մեջ նա նկատելի էր ոչ միայն իր մաքուր ու վայելուչ հագուստով, այլ մանավանդ բարձր հասակով, վայելուչ դեմքով, լայն ուսերով ու կրծքով և կտրիճի շարժմունքով: Հազիվ քսանմեկ կամ քսան տարվան լիներ երիտասարդը. կզակի նոսր մազերը հազիվ մեկ-երկու անգամ ածիլած լինեին, իսկ սև ու կարճ բեղերը դեռ մատ բռնելու չափ չէր երկարել:

Երիտասարդը երկար ժամանակ իր վրա հառել տվեց ծպտածների խոժոռ աչքերը, որոնք ուզում էին սլաքի նման թափանցել նրա սիրտը և ծակել, բայց բազմաչարչար հայի զավակը ոչ մի զանցառություն չէր արել. բոլոր հագուստը, կապուստը, կոշիկները, կապերն ու կոճակներն անգամ թուխ, սև գույն էին կրում և հայից անբաժան սուգն արտահայտում:

– Տեսեք, լավ դիտեցեք, մատաղդ լինիմ, – ասաց Խոջան սուլթանին, – տեսեք, թե որքան ընտիր-ընտիր կերպասներ և թանկագին կտորներով է զարդարվել քյաֆիրը (անհավատ): Սև են հագնում իբր թե օրինազանցություն չեն անում, բայց այդ քնքուշ գործվածքները միթե վայել է զիմմիին (գույքով, կյանքով պարտական), կարծես պեծեր է թափվում գլխից ու վրայից:

– Ուղիղ է ասածդ, – պատասխանեց սուլթանը, – Բայց բան չի կարելի ասել. ոտից մինչև գլուխ բոլորը սև-սև կտորներով է ծածկված: Օրինազանց չէ անօրենը:

– Այդ անհավատները կողոպտում են, կեղեքում են ժողովրդիդ և ահագին գանձեր են դիզում: Դրանց բոլորովին խնայելու չէ…

– Առանց դրանց էլ մենք բոլորովին կաղքատանանք, կթշվառանանք: Մեր հասարակական գանձարանը դրանք են լցնողը և ալլահը դրանց մեզ շնորհել է, որ մեր մարմնավոր վայելքների համար աշխատեն: Թող լցնեն մեր գանձարանը, թող բավարարություն տան իսլամին, ավելացած փշրանքով էլ իրենք ապրեն, – ասաց սուլթանը և դուրս եկավ նավակից:

Նրանք անցկացան նեղ-նեղ փողոցներով և ճանապարհին Լիմոն-Իսկելեի մոտ, մի գինետան առաջից անցկացան:

Ծպտյալները նկատեցին որ ներսը՝ գինետան մեջ, հույները հարբել, երգում էին, նվագում ու պարում, նրանց բարձրացրած աղմուկն ու ժխորը տարածվել էր մինչև անգամ մոտակա բոլոր փողոցները: Սուլթանը ուշի-ուշով լսում էր Խոջայի բոլոր նկատողությունները, որ երբեք չէր դադարում իր կրոնական պարտականությունները կատարած լինելու համար հայտնել անհավատների բոլոր պակասությունները, ամենախիստ գույներով և ամենակծու ոճերով ու բառերով: Նրանք անցան Ուզուն Չարշիից, բարձրացան ահագին զառիվերը և մտան Բեզեզթան:

– Ահա իրար ետևից և մեր քաղաքի բոլոր ապականված վայրերը, – հառաչելով ասաց Խոջան և, մի քիչ խորհրդավոր կերպով լռելուց հետո, ավելացրեց.

– Գինետան գարշելի ձայները դեռ չեն հեռանում ականջիս միջից, հարբած հույների պատկերները չեն ջնջվում աչքիս առաջից:

– Գարշելի ու նողկալի տեսարան: Դրանց առաջն առնելու է, – ասաց սուլթանը մտախոհ՝ քայլերն ուղղելով դեպի Սուլթան-Բայազեթ:

– Այդ անօրեն մուրտառները իրենց գինիով ապականում են բոլոր փողոցները, փչացնում օդն ու ջուրը և իսլամի բարեշնորհ հավատացյալների կյանքը դառնացնում: Փողոցներում ամեն մի իսլամ անօրեն հարբածներին պատահելիս շունչը առնում է, հագուստը փալասներին դիպչելով պարտավորվում է բաղնիս գնալ մաքրվելու համար, գոնե կրկին անգամ լվացվելու, որ կարողանա մաքուր սրտով, խաղաղ խղճով աղոթել: Ինչպե՞ս մզկիթներում կամ իրենց խանութներում հանգիստ սրտով աղոթեն հավատացյալները, երբ փողոցներում և գինետներում հարբած անհավատները խոզի սոսկալի աղաղակներ են բարձրացնում:

Իսլամի նախանձախնդիր աշակերտը՝ Խոջան, իր անվերջ չարախոսություններով խլացնում էր իր գահակալ աշակերտին և նրա սիրտը լցնում ատելության սոսկալի թույնով: Սուլթանը մտածում էր, թե ինչ դիրք բռնե: Նա գինետները չէր կարող փակել, քանի որ նրանք ահագին հարկ էին տալիս իսլամի հասարակական գանձարանին, մանավանդ որ այն ժամանակ քրիստոնյաները առանց այդ հարկը վճարելու էլ կարող էին գաղտնապես իրենց տներում կարևոր գինին և ուրիշ խմիչքները պատրաստել և հարբել: Նրանք լռելյայն անցան Սուլթան– Բայազեթի հրապարակից դեպի Ֆաթիհ-Սուլթան-Մեհմեդ և այնտեղից ուղղակի բռնեցին Էյուբի ճանապարհը: Երկար էին փողոցները և ամայի, հարյուր քայլին մի մարդու, մի խափշիկ աղախնի հազիվ էին պատահում, իսկ Խոջան ճարտարախոս էր: Նա անդադար, ջրվեժի նման թափում, պատմում էր սուլթանին առօրյա հարցերից, կատարված դեպքերից և անցյալ պատմությունից:

Նրանք մտան մի նեղ փողոց, որտեղ ո՛չ խանութ կար, ո՛չ էլ արհեստանոց, բոլորն էլ մյուսլիմ ժողովրդի բնակարաններն էին՝ աջ թե ձախ: Հեռվից նկատեցին մի սիմիտ (բուբլիկ) ծախող բոշնակ, որ ծանրաքայլ առաջ էր գնում և խռպոտ կանչում. սիմի՛տ, սիմի՛տ:

Բոսնիացին առանց կասկած տանելու, որ իր խզխզան ձայնը կարող էր անախորժ հնչել ծպտյալների ականջներին, վաճառքին հաճախորդ գտնելու տենչով, անդադար կրկնում էր. «Սիմի՛տ, սիմի՛տ», որպեսզի տների խորքերում գործի հետ եղող տիկինների ականջներին հասցնի իր խռպոտ ձայնը և անախորժ եղանակը, որ նրանք լսեն, դուրս գան դեպի լուսամուտները՝ սիմիտ գնելու: Ծպտյալները հեռվից դիտում էին բոշնակի բոլոր շարժումները:

Հանկարծ սիմիտչին կանգնեց, ուսից վար դրեց եռոտանին, գլխից իջեցրեց տեփուրը և դրեց եռոտանու վրա: Թրքուհին բարձրացրեց լուսամուտի փայտի մատներից հյուսված խիտ վանդակը, կիսով չափ կախվեց լուսամուտից և փղոսկրի նման ողորկ և փայլուն, ձյունի նման սպիտակ և շողշողուն մերկ բազուկը տարածեց, ձգվեց և բոշնակի ձեռքից առավ երկու սիմիտ: Այս առուտուրը այնպես բորբոքեց մոլլայի նախանձը, այնքան ատելություն աճեց նրա սրտում, որ չկարողացավ կրքերը զսպել ու ասաց կատաղաբար.

– Խո տեսա՞ք, աչքով տեսաք, մատաղդ լինիմ, թե ինչպես անհավատը ներքևից դիտում էր ու հրճվում: Ինչ աղտեղի աչքերով, գարշելի սրտով ձգտում էր այս անհավատը հարաբերության մեջ մտնել իսլամի հարեմի անարատ կնոջ հետ: Որքան խաղերով ու նազանքով էր տարածում սիմիտը ու տանջում թշվառ կնոջը:

– Կասկածը լավ բան չէ, Խոջա, իսլամին չի վայել ենթադրություններով խոսիլ, գուցե և բամբասել մի բոլորովին անմեղ կնոջ:

– Ներեցեք, – ասաց խոջան, զգալով իր սխալը, – ներեցեք, տեր իմ, որ կրոնական նախանձախնդրությունս ինձ չափազանց կուրացրեց, ես մեղքի տակ ընկա ենթադրական բամբասանքով: Բայց և այնպես սիրտս ծակվեց, կարծես մի նիզակ մխեցին այնտեղ, երբ նկատեցի, որ աչքի անմերձենալի հարեմի տիկինը լուսամուտից կռացած կես մարմնով, բաց դեմքով, կրծքով ու բազուկներով մերկացավ անօրենի աչքերին: Սա էլ փոխանակ դեմքը ծռելու, գետին նայելու, զմայլած նրա գեղով, քիչ էր մնում պատից վեր թռչի:

Նրանք առաջանալով մոտեցան բոսնիացուն, որ ստացած փողը քսակը զետեղելուց հետո տեփուրը կրկին գլխին դրեց, եռոտանին ուսերին և, շարունակելով ճանապարհը, կրկնեց նույն խռպոտ ձայնով ու եղանակով. «Սիմիտ, սիմիտ, սիմիտ»:

Սուլթանը կրկին ոտից մինչև գլուխ զննեց բոշնակին, բայց ամեն բան օրինական գտավ, բոլոր շորերը սև, բոլոր հագուստը մթին, թշվառի տանջանքն ու սուգն էին արտահայտում:

Ծպտյալները առաջանալով շարունակեցին իրենց քայլերը դեպի էյուբ և որովհետև սաստիկ հոգնած էին, մտան մի ղայֆեխանա (սրճարան)՝ թե հանգստանալու և թե ժողովրդի կարծիքները լսելու: Սրճարանատերը այս անծանոթ հաճախորդներին իսկույն աթոռ տվեց, վազեց սառը ջուր բերեց, մոտերը դրեց, որ ծարավները հագեցնեն և ինքը մոտեցավ օջախին՝ սուրճ պատրաստելու: Սրճատանը մեծ բազմություն կար. մոլլաներ, արհեստավորներ, կալվածատերեր, թաղական պաշտոնյաներ, ենիչերիներ: Բոլորն էլ անտարբեր զբաղված էին իրենց զբոսանքով, ծխում էին չիբուխ կամ նարգիլե, խմում էին սուրճ կամ օշարակ, խաղում էին նարդի, տամա կամ թուղթ և շատերն էլ ընտանեկան խոսակցությամբ էին զբաղված ու քննադատում էին առօրյա հարցեր:

– Ահա երեք օր է, – ասաց մի կալվածատեր իրեն լսողներին, – մեր սուլթանի գահ բարձրանալը (ալլահը երկարեցնե նրա կյանքը), բայց ոչ մի ձայն չլսվեց, ոչ մի գործ չտեսավ:

– Երեկ իրիկուն Թոփ-Գափու՝ մի սրճարանում նրան տեսնողներ են եղել…

– Էյ, – ասաց սրճարանատերը օջախի մոտից, – դատարկախոսներ եք, ուրիշ ոչինչ: Թողեք մի հանգստանա, ծանոթանա գործերի հետ… Երեք օրվա մեջ ի՞նչ կարող էր անել…

– Ժրագլուխ և եռանդոտ մարդը հենց առաջին օրից կարող էր իր շնորհքը ցույց տալ, – ասաց մի ենիչերի, խաղը ընդմիջելով: – Մի՞թե քիչ գործեր կան մեր քաղաքում: Ահա քանի ամիս է, որ մեզ ուղտի նման խմոր են ուտացնում փռնչիները. այն էլ ի՞նչ խմոր. գարի թե՞ հաճար՝ ալլահն է խաբար:

– Այդ բոլորը կարգի կմտնի, – ասաց մի մոլլա, – եթե մեր կաշառակեր յուլեմներին (կղեր) ու ղադիներին (կրոնական դատավոր) կարողանան զսպել:

– Ի՞նչ անեն յուլեմներն ու ղադիները, երբ ընդհանրապես այնպիսի շռայլություն ու փարթամություն է տիրում մեր ավագանիի ապարանքներում: Երկիրը կողոպտում են, ժողովուրդը կեղեքում, կաշիներն են պոկում, որբին ու այրուն տանջում, զրկում, որ ինչ է, իրենց հարեմները հարճով, ընդունարանները մանկլավիկներով լցնեն: Ամեն մի աչքի ընկնող պաշտոնականի տունը եթե օրական հիսուն-ութսուն ոչխար է մտնում, էլ մեզ նման աղքատն ու տնանկը որտեղից մի կտոր լեշ գտնի, որ մանր ու խոշորին կերակրե:

Ամեն կողմից վարչության դեմ տրտունջներն ու գանգատներն անպակաս էին, այնպես որ մինչև սուրճ խմելն ու հանգստանալը սրճատան հաճախորդները ապրուստի ամեն մի նյութի մասին իրենց նեղ վիճակն արտահայտեցին, նախատելով վաշխառու դատավորներին և անարժան պաշտոնակալներին: Երբ ծպտյալները պատրաստվում էին հեռանալու, նարդի խաղացողներից մեկը, խաղն ավարտելով, վեր կացավ ու հարցրեց հանդիսականներին.

– Նոր բան իմացե՞լ եք:

– Ի՞նչ, – ասացին ամեն կողմից և հայացքներն ուղղեցին:

– Բախալները իրենց դատը տարել են և դարձյալ թթու ծախելու արտոնություն են ձեռք բերել:

– Ինչպե՞ս, – կրկնեցին նորից հանդիսականները՝ ուշադրությամբ նորությունը լսելով:

– Չէ՞ որ Իսթամբուլի ղադին երեք հազար ղուռուշ առնելով թթու ծախողներից, վճիռ էր տվել, որ այլևս բախալները թթու չծախեն:

– Այդ հայտնի է, երեք-չորս ամսվա պատմություն է, նորն ասա: Հետո՞:

– Բախալները հավաքվում են և հինգ հազար ղուռուշ գումարելով, դիմում են նույն ղադուն, որ իրենց կրկին թույլ տա թթու ծախելու: Այդ գումարներով ղադին գրավվում է և բախալների առաջնորդին սովորեցնում, որ գնա մի քանի հղի կանայք ուղարկե իրեն՝ ղադիի մոտ գանգատվելու: Բախալները հինգ-տասը հղի կանանց սորվեցնում են, որ գնան ղադիի մոտ գանգատվեն, թե իրենք պատճառավոր են և հաճախ գիշերվա մեջ սրտերը այլևայլ թթու է ուզում: Թթուծախ ամեն թաղում չլինելով, եղածներն էլ սաստիկ հեռու լինելով, նըրանք վնասվում են, ուշքներն անցնում է և կարող են ավելի մեծ վտանգի ենթարկվել, եթե ղադին իր ապօրինի կարգագրությունը չվերցնե և թույլտվություն չտա, որ բախալներն էլ թթու ծախեն: Ղադին այդ գանգատավոր կանանց խնդիրքի համաձայն նորից վճիռ է արձակում, որ բախալներն էլ թթու են ծախելու, քանի որ բնակարաններին մոտ թթու չլինելու պատճառով կարող են վնասվել հղի կանայք ու նրանց մանուկները:

Սուլթանն այդ պատմությունը լսելով՝ զայրացած դուրս եկավ սրճատնից, և Խոջայի հետ ուղղվեցին դեպի պալատ: Դեռ շատ չէին հեռացել էյուբից և նոր էին մտել կենտրոնական քաղաքամասը, որ պատահեցին նույն սիմիտչի բոշնակին, որ առանց մտածելու անգամ, թե իր խռպոտ ձայնը կարող է աշխարհում մի որևէ անհատի զայրացնել, կանչում էր անվերջ՝ սիմի՛տ, սիմի՛տ, սիմի՛տ… Քանի կանչում էր բոշնակը, ամբողջ մարմնով դողում էր սուլթանը և երբ մոտեցան իրար սուլթանն ուշի-ուշով քննեց դրա հագուստն ու կապուստը և նկատելով սիմիտչիի չստերի վրա մի կտոր դեղնոտ տեղ, ասաց զայրացած.

– Անօրեն, մի՞թե քեզ հայտնի չէ, որ զիմմիներդ իրավունք չունիք ուրիշ գույներով զարդարվելու: Ինչի՞ իսլամի կղերին հատուկ դեղին չստեր ես հագել:

– Խնայիր ինձ, մեղավոր եմ, դերվիշ բաբա, – ասաց դողդողալով բոշնակը, – աղքատությունից ստիպված հին կոշիկներ գնեցի ու անձամբ ներկեցի, սևացրի: Տեսեք, տեսեք, – ասաց բոշնակը կոշիկները հանելով, – արդեն բոլորովին սև է, միայն այս մատիս բռնած տեղը բաց է մնացել, չեմ նկատել, չի սևացել…

– Ձայն՛դ, անօրեն, դեռ արդարանալ ես ուզում, – ասաց ու ետ նայելով ծպտյալ սուլթանը նշան տվեց հեռվից հետևող ենիչերիներին ու առաջ գնաց Խոջայի հետ:

Ենիչերիները իրենց տիրոջ ակնարկը նկատելուն պես, վրա հասան, բռնեցին սիմիտչիին, ցրվեցին նրա սիմիտները, ոչխարի նման գետին գլորեցին, պառկեցրին թշվառին, գլուխը կտրելով, սիմիտի տեփուրի վրա դրին, ծածկեցին մի փալասով և հետևեցին իրենց տիրոջը:

Ծպտյալները առանց ետ նայելու շարունակեցին իրենց ճանապարհը ոլոր-մոլոր, նեղ ու կեղտոտ փողոցներով, մինչև հասան կրկին Լիմոն-Իսկելեն: Այդտեղ նույն գինետնից դարձյալ գալիս էին երգի ու նվագարանի խառնաշփոթ ձայները, էլի աղմուկն ու գոռգոռոցը տարածվել էին ամեն կողմ: Երբ ծպտյալները աչքերը հառած գինետան դռան կողմը, մոտենում էին, մի բարձրահասակ, լիք-լիք հույն, ալբանական ծալովի ֆեսը գլխին՝ դուրս եկավ փողոց և հսկա քայլերով դիմեց ծպտյալների կողմը: Նեղ մայթից առաջ գալիս հույնին դիմավորեց մի մոլլա, որին հույնը ճանապարհ չտվեց, չիջավ մայթից փողոց: Անցորդ իսլամ-հոգևորականը, դիպչելով հույնին, կատաղեց և աղտեղի փողոցային հայհոյանքներով հրամայեց ռայային՝ ցած գալ մայթից և իր արբեցողի գարշահոտ շնչառությամբ, գինով ապականված փալասներով չապականել նրա անապական մարմինն ու հագուստը:

Հույնը թեև գինու ազդեցության տակ էր, բայց լինելով Արշիպելագի կղզիներից և ծովի ազատ որդիներից, չզիջեց, չուզեց լսել մոլլային: Մոլլան չապականվելու համար անճարացած ինքն իջավ մայթից և սկսեց հրապարակապես գոռալ, գրգռել ու բորբոքել իսլամ ամբոխին գանգատվելով, որ անհավատը անարգել էր իր արժանապատվությունը: Ծպտյալները անցքին ականատես լինելով, սուլթանը կրկին ետ դարձավ և պատշաճավոր նշանը տվեց իրեն հետևող ենիչերիներին, որոնք հույնին բռնեցին և քաշեքաշ հրելով ու ծեծելով՝ տարան Պալըգ-Խանե: Այդտեղ ծովից դուրս բերված ձկան նման տարածեցին կղզեցուն կոճղի վրա և լայնբերան կացնով մարմնից գլուխն անջատեցին:

Դեռ հույնի գլուխը չէին վերցրել հատակից, դեռ նրա լեզուն բլբլում էր բերանում, և արյունը շատրվանի նման ցայտում էր վզից, երբ ծպտյալները հասան Պալըգ-Խանեի նավամատույցը և նշան տվին, որ իրենց նավակը մոտենա: Այդ միջոցին Ղալաթիայից նավակը ետ բերեց այն կոկլիկ և վայելուչ հագնված հայ երիտասարդին, որին պատահել էին առավոտը նույն նավամատույցի վրա: Դարձյալ նույն կայտառ շարժումները, նույն քայլերը և նույն շռայլ ծախսը, սա մենակ մի նավակ էր վարձել և ետ էր դառնում: Կատաղությունից արյունով էին լցվել սուլթանի աչքերը, և նա կիրքը չկարողանալով զսպել, մոտ կանչեց երիտասարդին և զննելով նրա հագուստի երեսն ու աստառը, ներքինն ու արտաքինը, հրամայեց ոտքից սև կոշիկները հանել: Այդ ժամանակ սովորություն էր Կ. Պոլսում հիմիկվա կրկնակոշիկի փոխարեն սև կոշիկներ հագնել և տուն մտնելիս այդ կոշիկները նախասենյակներում թողնելով, ներքին մաշիկներով ներս մտնել թանկագին գորգերով և մետաքսե թավիշներով փռված, զարդարված սենյակները:

Երիտասարդը այդ հրամանը լսելուն պես՝ գունատվեց ուշքը կորցրեց, բայց բռնությամբ նրա կոշիկը հանեց մի նավաստի: Երբ ծպտյալները տեսան կարմիր մաշիկը, սուլթանը զայրալի ասաց.

– Անօրեն, քեզ ո՞վ իրավունք տվեց իսլամի բեգերին ու ամիրաներին հատուկ մաշիկներով զարդարվելու, – և ետ դառնալով երրորդ ակնարկն ուղղեց հետևող դահիճներին ու մտավ նավակ, Խոջայի հետ հեռացավ:

Դեռ ծպտյալների նավակը չէր մոտեցել Սարայ-Բուրնու պալատական նավամատույցին, երբ ենիչերիների դահիճները մտան Գյուլ-Խանեի դռնով պալատի այգին, արքունիքի Բոստանչի-Բաշիի առաջ դնելով բոշնակի տեփուրը, բացին ծածկոցը և երեք անմեղ քրիստոնյաների գլուխը հանձնելով պալատի զորքերի պահապանների առաջնորդին, ստացան իրենց վարձը՝ ինն իսթամբուլոսկի ու հեռացան:

Ճիշտ տասնևութ տարի հետո, 1808 թվականին, երբ վեզիր Մուստաֆա փաշան մի օրվա մեջ պալատի նույն պարտեզում խողխողել տվեց երկու սուլթաններին՝ Սելիմ Գ-ին և Մուստաֆա Դ-ին, թուրք պատմիչը, հիշելով անցյալը՝ ավելացնում է. Ինչպես ինքը, Սելիմ Գ-ը, անգութ վարվեց գահակալության օրերում՝ անմեղ երեք քրիստոնյաների արյունը հեղելով, նույնպիսի անողորմ դահիճների ձեռքով թափվեց իր և իր եղբոր որդու արյունը միևնույն պարտեզում…




ԹՈԻԼՈԻՄԲԱՋԻՆԵՐ


Պոլսի ազգաբնակությունը գործելու մի ասպարեզ ուներ, որտեղ մարդիկ բոլորովին հավասարվում էին, որտեղ ամեն մի անհատ միևնույն իրավունքներն էր վայելում, որտեղ իրար չէին հարցնում, թե ինչ ծագումի էին պատկանում: Մշակ, արհեստավոր, վաճառական, վարժապետ, գրագետ, զինվորական, կալվածատեր, գրագիր, կրոնական, – ամենքն առանց խտրության հավաքվում էին և միասին գործի կպչում: Այդտեղ անխտիր, բոլորը հավասար ձայնով ընտրում էին իրենց առաջնորդ կամ ուրիշ գործավարներ, այդտեղ արժանավորությունը ոչ թե փողի ու գիտության, այլ ֆիզիկական ուժի, խելքի ու ժրագլխության մեջ էր կայանում: Այդ ասպարեզը թուլումբաջիությունն էր (հրշեջներ):

Թուլումբաջիությունից խույս էին տալիս վախկոտները, թուլասիրտները և անզգաները, որոնք, հայտնի բան է, քաղաքի ազգաբնակության մեծագույն տոկոսն էին կազմում և որոնցից խորշում էին, ինչպես սոֆի յուլեմները (խստակրոն կղերը)՝ խոզի մսից:

Թուլասիրտ քաղաքացիների թուլումբաջիներից խորշելու պատճառն այն էր, որ առաջինները իրենց աներկյուղ ընթացքով միշտ սարսափի ու սրտադողի մեջ էին թողել վերջիններին: Թուլումբաջիներն ինչպես աներկյուղ կրակն ու բոցն արհամարհելով՝ մտնում էին ծխալի տներ՝ երեխաներին, չափահասներին պառավներին դուրս բերելու, կրակից ազատելու թանկագին կահ-կարասիքը, անխնա քանդում էին հարևան տները՝ հրդեհի առաջն առնելու համար, ջրհանները շալակած կռվում էին ահեղաշունչ բոցերի հեղեղի հետ, այնպես էլ անվախ միշտ հարձակվում էին էֆենդիների, դատավորների, աղաների, ամիրաների վրա, հայհոյելով, նախատելով, ծաղրելով, պակասություններն երեսներովն էին տալիս և սպառնալիքներով ստիպում իրենց հրամանները կատարելու և հրատարակելու:

Աղաներից հալածվածը միշտ դիմում էր մի հայտնի թուլումբաջու, պարզում էր նեղությունը: Թուլումբաջին, գործին ծանոթանալուց հետո, մի օր փողոցի մի անկյունում բռնում էր աղային և ստիպում բավարարություն տալ նեղվածին: Ամիրան, մահվան երկյուղից անրճկած, կատարում էր թուլումբաջու հրամանը, մտքի մեջ հազար ու մի հայհոյանք թափելով թուլումբաջու գլխին:

Մի անգամ մի կաշառակեր դատավոր խոսք էր տվել մի վաշխառուի յուր վճիռքով խլել մի թշվառ պարտիզպանի պարտիզակը, որով կերակրում էր ինը հոգուց բաղկացած ընտանիքը: Պարտիզպանը հուսահատ ընկնում է մի ծանոթ թուլումբաջիի ոտքերը և վշտաբեկ սրտով նկարագրում իրեն սպառնացող սոսկալի վիճակը: Թուլումբաջին հետևում է դատավորին և կեսգիշերին կտրում նրա ճանապարհը: Դատավորը, հոգեառի ջլուտ, հաստապինդ բազուկների համն առած, կրկին անգամ նրան չպատահելու համար, դեռ մի գումար էլ վճռում է վաշխառուից առնել հօգուտ պարտիզպանի: Ամիրայի մեկը, որ յուր բազմաթիվ ծառաների և ստրուկների վրա վստահացած արհամարհում է թուլումբաջիին, սպառնում է դեռ նրան դատաստանի կանչել: Թուլումբաջին առանց այլևայլի տալիս է կրակը այրում է ամիրայի պալատը, և օգնության հասած թուլումբաջիների խումբը ավելի հանդիսատեսի դեր է կատարում, ավարի է տալիս ամիրայի կայքը, քան թե օգնության հասնում: Այս պատճառները ամենաբռնավորներին անգամ ստիպել էին խոնարհվելու թուլումբաջիության զորության առաջ:

Կ. Պոլսում վաղ ժամանակներից մինչև վերջերս կային միայն թաղական և ընկերական՝ ենիչերությունից մնացած` թուլումբաջիների խմբեր, քաղաքական կամ պետական խումբ սովորաբար չի պահվել: Կ. Պոլսում պատահած զարհուրելի հրդեհների մասին տեղեկություն ունեցողը կհասկանա, որ առանց այդպիսի թաղական թուլումբաջիների խմբերի որքան դժվար կլիներ Կ. Պոլսի նման մի մեծ քաղաքում աղետների ժամանակ ազգաբնակության օգնություն հասցնելը: Նամանավանդ հին ժամանակները, երբ կատաղած ենիչերիները իրենց առաջնորդներից վրեժ լուծելու, կամքերը առաջ տանելու ուրիշ միջոց չէին գտնում, կրակի, հրդեհի օգնությանն էին դիմում: Առաջ ենիչերիներ էլ եղել են այդ խմբերում, որով թուլումբաջիության անունը պոլսեցիներին էլ ավելի սոսկումի, սարսափի և սրտադողի մեջ է թողել:

Բայց և այնպես ժողովրդի հալածված մասը՝ արհեստավոր և օրական աշխատանքով հազիվ ապրողները, փողոցներում տեփուրը գլխին ձուկ, կանաչի, միրգ, թոք, ոտ ու գլուխ ծախողները միշտ հարգել են թուլումբաջուն, անընդհատ աշխատել են նրան օգնել, միշտ ձգտել են ժրաջանությունով մտնել այդ խմբերի մեջ, որն իրենց անվերջ պաշտպան է կանգնել ամեն տեսակ աղետների ժամանակ:

Այս իսկ պատճառով ենիչերական կոտորածից հետո էլ մնացել էր և մինչև վերջերս էլ կար թաղական թուլումբաջիությունը, և բուրժուազիան արհամարհանքով օրականով ապրողներին բոլորին տալիս է «թուլումբաջի» տիտղոսը, որը կրողներն իրենց մեծ պատիվ են համարում:

Ահա այսպիսի երկու հայկական թուլումբաջիական խումբ կային 1882 թվականներին Իսկյուտարի Սելամսըզ և Ենիմեհլե թաղերում, որոնք` շնորհիվ իրենց առաջնորդների՝ Կաղ-Մքոյի և Կարճ-Նազարի ժրաջանության, իրենց հարևան թուրք, հույն և հրեա թուլումբաջի խմբերի նախանձն էին բորբոքում:

Կաղ-Մքոն, որ սովորական մահկանացուներից չէր, Փարիզ Լոնդոն և Ամերիկա տեսել, գլխում կուտակել էր գիտության մեծ պաշար և ս. Խաչ եկեղեցու թաղական ուսումնարանում տեսուչ էլ էր, Սելամսըզի թուլումբաջիների օջախի առաջնորդության արժանացել էր յուր մի քանի տարվա ընթացքում կատարած անթիվ զոհողություններով: Նա յուր կաղ ոտքով շատ անգամ ուսը տվել էր ջրհանի տակ և յուր երեք, վիթխարի ընկերների հետ ժամերով վազել մինչև աղետների տեղերը: Նա հաճախ կրակի բոցերի մեջ խանձել էր մազերն ու մորուքը, ծխի մեջ կուրացնելով աչքերը և շնչասպառ խեղդվելով դուրս էր բերել հրդեհված տան խորքերից երեխաներով օրոցքներ, վերմակներով փաթաթված հիվանդներ, թանկագին նկարներ, գրքեր և անփոխարինելի նյութեր: Հրդեհների ընթացքում նրա կարգադրություններն այնքան օգուտ էին բերել ազգաբնակությանը, որ սրանց համարումը Կաղ-Մքոյի մասին օրեցօր մեծացել էր, և երիտասարդությունը, նամանավանդ արհեստավոր և չքավոր դասակարգը, նրան համարյա թե պաշտում էր:

Կաղ-Մքոն ավելի խոնարհեցնում էր թե՜ հարուստներին թե՜ ծառայողներին և թե՜ ընկերակիցներին յուր չափազանց անշահասիրությունով և մանավանդ արդար վճիռներով: Թուլումբաջիները հարուստ կալվածատերերից երբեմն-երբեմն ստանում էին նվերներ, և աղետից ազատվող մեծատունները խոշոր գումարներով վարձատրում էին նրանց: Կաղ-Մքոն ոչ միայն մաս չէր առնում այդպիսի եկամուտներից, այլև կարիք չունեցողներին էլ, յուր օրինակով, ստիպում էր հրաժարվել և գումարները հավասարապես կամ արժանավորապես բաժանում էր կարոտյալների մեջ, այնպես, որ բոլոր ընկերները համոզմունքով գոհ էին մնում նրա կարգադրությունից:

Կաղ-Մքոյի ժրաջանությունով շատ մեծացավ Սելամսըզի թուլումբաջիների խումբը, և նախկին մի մաշված, անպետք ջրհանի փոխարեն չորս նոր լավ ջրհաններ ձեռք բերին՝ հրդեհի վերաբերյալ բոլոր պարագաներով: Դեռ այդ բավական չէր, Կաղ-Մքոն ասում էր, որ աշխատինք մի հարմարավոր տեղ գտնենք թաղի կենտրոնում հրշեջ գործիքների համար: Նա, մտածում էր այդ տան կողքին մի աշտարակ էլ շինել, որտեղից փոխրնդփոխ հսկել և փոխանակ մունետիկի ձայնին սպասելու, իսկույն այդտեղից նշան տալ թուլումբաջիներին հրդեհվածներին օգնության հասնելու:

Կարճ-նազարը, որ նույնպես Կաղ-Մքոյի նման անձնվեր էր գործին, կառավարում էր Ենիմեհլեի թուլումբաջիների խումբը: Նա ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ և «Տիեզերք» ամսաթերթի խմբագիրն էր: Կարճ Նազարը՝ հարուստ մարդու որդի լինելով և յուր ծնողներից բավական հայտնի կալվածներ ժառանգելով, ոչ միայն հանգիստ կարող էր ապրել, այլև մի ուրիշ պարապմունքով նա կարող էր դեռ մի քանի անգամ էլ բազմապատկել կարճ ժամանակամիջոցում յուր կապիտալը, բայց նա ոչ միայն հայ խմբագրի տաժանելի պաշտոնն էր ստանձնել և յուր եկամուտներով գիտնական թերթը տպում ու ցրում էր ժողովրդի մեջ ուսումը, գիտությունը, առաջադիմությունը տարածելու նպատակով, այլև յուր եկամուտներից մի մասն էլ հանում էր թշվառ ընկերակիցներին, Եվրոպայում ուսանողներին:

Կարճ-Նազարն էլ անձամբ կռվում էր աղետների ժամանակ կրակի, ծխի, ջրի և ջրհանի հետ, ետ չէր մնում բեռնակրից, ձկնորսից, կոշկակարից և դարբնից, այնպես որ նրա արարքները Կաղ-Մքոյից ավելի նախանձելի էին հենց նրա համար, որ Կաղ-Մքոն, որպես նախկին Մշի դաշտի որդի, մանկությունից սովորած էր չարքաշության, իսկ Կարճ-Նազարը փափուկ կյանքից իջել, մտել էր թուլումբաջիների շրջանը: Երբ Կարճ-Նազարը ջրհանի խողովակը և մուշտակը ձեռքին բարձրանում էր հրդեհված տան կտուրը և հսկայի նման կանգնելով ահեղաշունչ բոցերի մեջ՝ կռվում ու խրախույս էր կարդում ընկերներին, տեսնողը չէր կարող երևակայել, որ այդ հերոսը դայակների գրկերով՝ սայլակներով ու կառքերով էր մեծացել և փափկությունների մեջ զարգացել մանուկ օրերում:

Ժողովուրդը սիրում էր երկու խմբապետներին էլ. հրդեհից նեղվածները, թշվառները, օգնության կարոտները պաշտում էին երկու խմբի բոլոր թուլումբաջիներին: Վախկոտները, հարուստները գլխները թեքում էին երկուսի էլ առաջ, երկուսին էլ օգնում էին և երկուսին էլ մտքում հայհոյում, որ իրենց քսակներից ակամա գումարներ էին դուրս քաշում և սրանցից որի մոտ որ լինեին, նրան մյուսից նախապատվություն էին տալիս: Երկու խմբերն էլ իրար հարգում, իրար օգնության հասնում էին, բայց իրար նույնպես նախանձում էլ էին: Նախանձը բարի էր, և նրանք իրար հակառակ մեծացնում էին իրենց խմբերը, ուժեղացնում էին իրենց ջրհանները և հրշեջ գործիքները օրեցօր կատարելագործված տեսակներով փոփոխում, լրացնում և աշխատում էին ավելի կազմ ու պատրաստ լինելու աղետի ժամանակ թշվառներին օգնության հառնելու դիտումով:

Կարճ-նազարի անունն ավելի հռչակվեց յուր նորակազմ խմբով և Եվրոպայից նոր բերել տված ջրհաններով ու գործիքներով այդ օրերը Արշակյան գիշերօթիկ ուսումնարանում պատահած հրդեհի դեմ կատարած հարձակումով: Այդտեղ, զարհուրելի բոցերի մեջ, այնպիսի քաջասրտությամբ շարժական սանդուխներից բարձրանում էր Կարճ-Նազարը և լուսամուտներից ներս մտնելով՝ երեխաներին գրկում իջեցնում էր փողոց, որ սքանչացնում էր հազարավոր հանդիսականներին և արտասուքները սրբում, սրտերը խաղաղեցնում թշվառ ծնողների ու հարազատների: Այդ գիշեր նրա խումբը այրվելուց ազատել էր յոթանասունուհինգ աշակերտի: Այդ գիշերվա նրա հսկայական շարժումները այնպես էին դրոշմվել ներկա եղողների սրտումն ու մտքումը, որ հավիտյան ջնջվելու չէր այդ հիշատակը նրանց հիշողություններից: Այդ հրդեհից հետո բավական նսեմացավ Կաղ-Մքոյի աստղը:

Բայց և այնպես, Կաղ-Մքոյի քունը կտրվում էր, երբ Կարճ-Նազարը իրենից վաղ էր հասնում մի հրդեհված տան օգնության: Կարճ-Նազարը նույնպես հանգստությունը կորցնում էր, երբ իրեն պատմում էին Կաղ-Մքոյի մի նոր քաջագործությունը հրդեհի ընթացքում: Բացի այս, Սելամսըզ թաղը կպած էր Ենիմեհլեին, այնպես որ Կարճ-Նազարը և Կաղ–Մքոն Ենիմեհլեից անդամներ ունեին, և որովհետև թուլումբաջիների գործունեությունը սահմանափակված չէր միայն իրենց թաղերով, այլ ազատ, ով կարողանում էր առաջին անգամ մտնում էր հրդեհված փողոցը և գործի ձեռնամուխ լինում, մյուսն էլ հասնում էր օգնության, այդ պատճառով, անդադար մեկը մյուսից առաջնությունը խլելով, կատաղեցնում էին խմբապետներին:

Այս բարի նախանձը օրեցօր սաստկանում էր և ատելության փոխվում: Սկզբում երկուսն էլ սառնարյուն էին քննում գործը, որովհետև երկուսի նպատակն էլ միևնույնն էր, այսինքն՝ իրենց թաղեցիներին և հարևան բնակիչներին օգնության հասնել հրդեհների ժամանակ, ձգտում էին մի կերպ միանալ: Այդ բանը պահանջում էին թուլումբաջիները ն նույնիսկ թաղեցիները, բայց հենց այդ միության ձգտումն էլ ավելի հեռացնում էր նրանց, որովհետև հասարակական գործը այդտեղ զոհվում էր անձնականին: Խմբապետները երկուսն էլ ցանկանում էին իրենց առաջնությունը պահպանել և այնքան մեծ էր նրանց եսը, որ նրանցից ոչ մեկը չէր կարողանում զիջանել:

Կաղ-Մքոն միշտ կրկնում էր յուր շրջանի թուլումբաջիներին.

– Եղբա՜յր, այնքա՛ն տարվա աշխատանքներս տանենք ծո՞վը թափենք: Այդ փափկասուն աղայական զավակը թուլումբաջիություն պիտի անի, մենք էլ պիտի տեսնենք: Թո՛ղ երթա իր «Տիեզերքը» խմբագրե և ոտանավորներ գրե, ի՞նչ գործ ունի կոշտ ու կոպիտ թուլումբաջիների հետ: Նա դեռ երեխա է, նրա ընկերները խակ մարդիկ են, նա իսկական հրդեհ դեռ չէ տեսել, թեթև կրակների մեջ մտնում է, գիտե, թե մեծ բան է անում: Ես համոզված եմ, որ մի օր, մի մեծ կրակի ժամանակ, իրեն անխելք ընթացքով, խումբը կրակի մեջ պիտի թողնե, գուցե ինքն էլ մեջը մնա: Ես՝ տասը տարվա մեջ պատրաստած թուլումբաջիս, չեմ կարող այդպիսի տղայական բնավորություն ունեցող մարդու հավատալ: Մեկ դուրս բեր, մեկ հաշվե տեսնենք ի՞նչ մարդիկ ունի, կամ թե քանի իսկական մարդ ունի: Հայրական կարողությունը ուտել, Եվրոպայում ուսում ստանալ և կալվածների եկամուտներով մարդիկ պահելը պապս էլ կարող է անել, թո՛ղ, թող ժողովրդականություն գտնե և ժողովրդի օգնությամբ ձեռք բերե իրեն կարևոր գործիքները, այն ժամանակ ես կխոնարհվեմ նրա առաջ, ես էլ նրան կհնազանդիմ:

– Մենք աղաների հետ գործ չունինք, ստրկանալ չգիտենք, – գոռում էին Կաղ-Մքոյի խմբի գլխավոր անդամները,__ մենք ազատ-անկախ գործել ենք տարիներով և կգործենք ամենահետին մշակի, ձկնորսի ու կոշկակարի հետ իսկական թուլումբաջիները մերկ սրունքով, բոբիկ ման եկողներն են:

– Մեզ հետ է, – պատասխանում էր Կաղ-Մքոն լուրջ նայվածքով, – թաղի բժիշկը՝ ամենքին հայտնի պրն Մսրլյանը, մեզ հետ է թաղական խորհուրդը, որը միշտ բացել է ս. Խաչ եկեղեցու ջրամբարները մեր խմբի առաջ, հրդեհների ժամանակ, մեզ հետ են երկու թաղի էլ ամենախոհուն, ամենահարուստ կալվածատերերը, որոնց հարգանքը միշտ վայելել ենք: Վերջապես, մեզ հետ են ամբոխը, արհեստավորները: Եթե այսպիսի ուժեր ունինք, մենք միշտ անկախ կարող ենք գործել և կարիք չունինք ենիմեհլեցոց միությանը: Թող Կարճ-Նազարը մի քիչ թռչկոտի այս ու այն կողմը, մինչև որ մի քիչ թեթևանա քսակը, վերջը դարձյալ մերն է, մենք ենք հաղթանակելու, քանի որ ժողովուրդը մեր թուլումբաջիներին ավելի է սիրում:

Բայց և այնպես Կաղ-Մքոն էլ, ընկերներն էլ տեսնում էին, որ օրեցօր ավելի ու ավելի ընդարձակվում և ավելի կատարելագործված ջրհաններով պատրաստվում էր հրդեհների դեմ Կարճ-Նազարի խումբը, որի անդամների թվի մեջ մտնում էին ավելի ուժեղ, ավելի վիթխարի մարդիկ: Դեռ այս բավական չէր, Կարճ-Նազարը միացել էր Վանքի-Բաղի հույն, Գուզդունճուգի հրեա, Իջադիեի հայ, Բաղլար-Բաշիի առնավուտ թուլումբաջիների հետ, որոնք բոլորը մի առանձին հարգանքով էին վերաբերվում Կարճ-Նազարի հետ և հրդեհների ժամանակ ոչ միայն իսկությամբ օգնության էին հասնում իրար, այլև հպատակվում էին Կարճ-Նազարի կարգադրություններին: Այդ բոլորն էլ կատաղեցնում էր Կաղ-Մքոյին, նամանավանդ, որ յուր խմբից էլ մի քանի մարդիկ՝ իրեն հետ կռվելով՝ արդեն թողել անցել էին Կարճ-Նազարի խումբը:

Այս միջոցներին Կ. Պոլիս էին գաղթել Մշի դաշտից երեսուն ընտանիք, որոնց աննկարագրելի թշվառ վիճակից խղճահարված՝ պատրիարքարանը կարգադրել էր, որ Ջանիկ ամիրայի շինել տված նախկին ճեմարանում, որը գտնվում էր Կարապետ եկեղեցու մոտ, տեղավորել այդ թշվառներին, մինչև մի գումար հավաքելով դրանց կրկին հայրենիք վերադարձնելը: Այս ճեմարանը, որ մի տասնյակ տարի է գոյություն չէր ունեցել և քառասունական թվականներից փակված էր, դարձել էր մի տեսակ ազգային հիվանդանոց կամ իսկ և իսկ մի տեսակ գերեզմանոց: Այդ ահագին եռահարկ շինությունից միայն չորս-հինգ սենյակ հատկացրած էր թաղի վարժարանի համար, մնացյալ մեծ մասը միշտ դատարկ էր. միայն աղետներից հետո երբեմն-երբեմն այդտեղ ժողովուրդը միառժամանակ պատսպարվում էր: Այնքան կարկատանի կարոտ էր, որ չէր կարելի այդտեղ երկար բնակվել: Մի քանի սենյակներում մշտապես ապրում էին ամենաթշվառ ընտանիքներ, մեկ-երկու սենյակ վերին հարկում թաղական խորհուրդը պատրաստել էր փիլիսոփա պ-րն Միսաքյանի համար, որը, ժլատ սեղանավորի նման, յուր անբաժան ահագին տարլեզվյան գրադարանից ոչ ինքն էր օգտվում և ոչ էլ ուրիշներին թողնում օգտվելու: Մյուս սենյակներում էլ զառամյալ անտեր մուրացիկները ժողովրդի ողորմությանը կամ մահվան հրեշտակին Էին սպասում:

Մշեցիք այդ շինության մեջ զետեղվելուց հետո՝ տղամարդիկ բազար Էին գնում մշակությունով, համալությունով օրական մեկ քանի սև փող ձեռք բերելու և կանայք էլ այս ու այն տան մեջ ծառայություններ կատարելով ուտելիքներ ճարելու:

Կարճ-Նազարը, որ միանգամայն ս. Կարապետ եկեղեցու թաղական խորհրդի անդամ էր, ինքն թշվառ գաղթականներին անձամբ զետեղեց ճեմարանի սենյակներում և որովհետև առաջին օրերի համար ուտելու ոչինչ չունեին, իր գրպանից վճարելով, գնեց կենսական պիտույքները: Նույն գիշերը, յուր մոտ հրավիրելով իր և իր հարևան թուլումբաջիների խմբերի առաջնորդներին, նշանավորներին, խնդրեց, որ իրեն աջակցեն մի քիչ փող հավաքելով, այդ մերկ ու առանց անկողնի մնացած թշվառների վիճակը բարվոքել: Թեև Կաղ-Մքոն էլ հրավիրված էր, բայց նա մերժեց այդ հրավերը և ինքն անձամբ իր թուլումբաջիներին հրավիրեց խորհրդի, միևնույն ճեմարանում ապաստանած տառապյալներին օգնելու համար: Այնպես որ երկու խումբն էլ միասին սկսեցին օգնության հասնել թշվառներին:

Կարճ-Նազարը, երբ հետևյալ օրն արհեստավորներ բերած կարկատել էր տալիս շինության ծակը-ծուկը, լուսամուտների փեղկերն ապակի գցելու համար և տանիքի կղմինդրը, որ չկաթե, շվարած մնաց, որ կողմը դառնում էր նորոգության կարոտ էր գտնում և երբ քննությունը վերջացրեց, ասաց իր մտքումը` թե ամեն կողմ փտած, խարխլած է, այնքան ծախս կգնա նորոգելու համար, որ այդ գումարով ավելի հեշտ կլինի հիմքից քանդել և նորից շինել այս ճեմարանը:

Կաղ-Մքոն նույն գիշերը, գաղթականներին հագուստ ու ճերմակեղեն բաժանելիս, որոնք հավաքել էր այդ օրը թաղեցիներից, ասաց ընկերներին.

– Ահա մի «Նոր Հայաստան», կայտառ երեխաներ, վիթխարի և հաստաբազուկ տղամարդիկ, գեղեցիկ աչքերով, կարմիր այտերով կանայք ու պառավներ, աղքատություն, մերկություն ամեն կողմ, հուսահատություն բոլորի աչքերի մեջ և սրտի խորքերում: Բայց և այնպես այս չլուտ սրունքները, այս լայն կուրծքերը, այս հաստ ոսկորները, այս պինդ ուսերը մեզ՝ թուլումբաջիներիս համար շատ նախանձելի են, ես սրանք կքաշեմ դեպի մեր ջրհանները: Հարկավոր է սրանց մարդ շինել, աներկյուղ թուլումբաջիներ, որ համարձակ մտնեն հրդեհի բոցերի մեջ:

– Դու մի՜ վախենալ, էֆենդի, համալն ու մշակը բանից չեն փախչիլ, համա դու մեզ բան տուր, – ասաց մի երիտասարդ, որ, ինչպես երևում էր, եղել էր մեծ քաղաքներում և կռնակը սովորել էր ծանր հակեր կրելու:

Կարծրամարմին մշեցիներից մի մասը մտավ Կաղ-Մքոյի խումբը, մյուսը՝ Կարճ-Նազարի: Որովհետև այդ հայրենիքից հալածվածները երկու խմբից էլ անվերջ բարիքներ էին վայելել, այդ պատճառով դեպի երկուսն էլ տածում էին անկեղծ հարգանք: Կաղ-Մքոյի նախագուշակությունը արդարացրին ավերակ ճեմարանի թշվառ բնակիչները, և մերկասրունք իսկյուտարցի թուլումբաջիները սկսեցին հարգել իրենց վախկոտ ու անսիրտ համարած ընկերակիցներին: Մշեցի գաղթականների հրդեհների ժամանակ տարած հաղթանակներից սքանչացած՝ Կաղ-Մքոն ու Կարճ-Նազարը սկսեցին իրար ձեռքից խլել նորավարժ թուլումբաջիներին: Արդեն հարևան բոլոր թուլումբաջիների խմբերը, թեև նախանձելով, բայց անկեղծ խոստովանվում էին գաղթական թուլումբաջիների մեծ հաջողականությունները և այդ բոլորը վերագրում էին Կարճ-Նազարի ժրաջան աշխատասիրության: Կաղ-Մքոն ավելի ու ավելի կատաղում էր այդ բանը լսելով, այնպես որ նա էլ չկարողացավ զայրույթը զսպել: Մեկ անգամ նա, ս. Խաչ եկեղեցու բակում, ասաց մի պառավ կնոջ, որ Սելամսըզի թուլումբաջիներն էլ չեն օգնի նրանց, էլ հագնելիք ու վառելիք չեն տալ, քանի որ նրանց որդիքր իրենց խումբը թողնելով, անցել են Կարճ-Նազարի թուլումբաջիների շրջանը մտել:

Այս բանի վրա կատաղեց պառավը և ասաց.

– Որ էդպես է, դուք մեզի ոչ թե մեր խեղճության ու աղքատության համար է, որ օգնում եք, հապա մեր ուսերի համար: Լավ, մենք էլ չենք ուզեր ձեր օգնությունը: Սրանից հետո մենք էլ ձեր դուռը չենք գալ ողորմության, մեր դարդը կլանք, մեր ձեռքը կերկարենք Կարճ-Նազարի թուլումբաջիներին: Նրանք դեռ մարդու չեն հարցրել, թե յուր որդին ո՞ր թուլումբաջիների շարքն է:

Պառավն իր համառությունով կարողացավ դրացիներից շատերին էլ քաշել Կարճ-Նազարի կողմը: Կաղ-Մքոյի թուլումբաջիների խումբը հետզհետե թուլացավ, երբ մշեցիների մեծ մասը հեռացան: Ընկերներից մի քանիսը թեև չէին կարողանում համարձակ Կաղ-Մքոյի երեսին տալ իր բռնակալությունը, բայց կողմնակի կերպով հասկացնում էին: Հրդեհների օգնության շատերը չէին գնում, շատերը ուշանում էին, շատերն էլ նրա անտեղի նկատողություններից վրդովված` թողնում փախչում էին:

Ավելի խորշում էին նրանից, որ հրդեհների ժամանակ իր կատարած սխալները չէր հանձն առնում և հանցանքը ուրիշների վրա էր բարդում:

Այդ միջոցին երեք-չորս ամսով հիվանդացավ Կաղ-Մքոն և չկարողանալով դիմադրել ընկերներին, Սելամսըզի թուլումբաջիների խմբապետության պաշտոնը հանձնեց Լալ-Մարգարին, յուր ամենահպատակ ընկերոջը: Խմբապետից դժգոհ թուլումբաջիները կարծեցին, որ այժմ հնարավոր կլիներ հաշտվել Կարճ-Նազարի հետ, բայց Լալ-Մարգարը առանց Կաղ-Մքոյի խորհրդի՝ քայլ անգամ չէր առնում, այնպես որ անկողնից հրամաններ էր արձակում հիվանդ էքս-խմբապետը՝ հրդեհների ժամանակ աղետների առաջն առնելու համար: Այնպես որ այդ ժամանակները միայն անունով, չորս ջրհանով ու գործիքներով գոյությունը պահպանում էր Սելամսըզի խումբը, անդամներից ո՜րը մտել էր մոտակա ուրիշ խմբեր, ո՜րը ետ էր քաշվել, ո՜րն էլ սպասում էր, որ իրենց անփոխարինելի առաջնորդը առողջանա, որպեսզի կրկին ձեռք զարկեն գործին:

Այնինչ Կարճ-Նազարը տիրապետում էր թաղերին, գնդակի նման հասնում էր ամեն կողմ, առանց դժվարությունների հանգցնում էր հրդեհված տները, օգնում էր թշվառներին և դեպի իրեն գրավում ժողովրդի սիրտը: «Տիեզերքում, ուրիշ լրագիրներում ամեն մարդ կարդում էր նրա և նրա թուլումբաջիների քաջասրտության և արիաջանության նկարագրությունը: Ամեն մարդ ակամա խոնարհվում էր նրա հաստատակամության առաջ, և ամենքը հիանում էին նրա արիաջանությամբ: Կ. Պոլսի ամեն շրջանում, ամեն թուլումբաջիների օջախում նսեմացավ Կաղ-Մքոյի անունը, որը մի ժամանակ ամեն տեղ խոսակցության հերոս էր հանդիսացել և համարյա թե սկսեցին նրա գոյությունն անգամ մոռանալ:

Մի օր Կաղ-Մքոն, դեռ նոր կազդուրված, լրագիրներամ կարդաց հետևյալ լուրը. «Ինչպես լսում ենք, «Տիեզերք» լրագրի մեծանուն խմբագիրը, որի հերոսական արարքների մանրակրկիտ պատմությունը հանրածանոթ է Կ. Պոլսի բոլոր ընթերցող դասին, վերջերս մեկ նոր հասարակական ձեռնարկությամբ անմահացրել է իր անունն անօրինակելի անշահասիրությամբ: Պարոնը Բաղլար-բաշի ունեցած մեծ այգին և մեջը գտնված երկհարկանի ահագին տունը նվիրել է հօգուսրբանոցի, որր բացել է աղետներից վնասված անտեր այրիների և որբերի համար»:

– Կովե՜ր, ոչխարնե՜ր, նա այդ անելով, ցանկանում է կուռք դառնալ ու ձեզնից պաշտվել, – ասաց կատաղած Կաղ-Մքոն, – և դուք հափշտակված դեռ խնկարկում եք այդ խորամանկ դերասանը: Այն հարստությունը, որ հայրը ձեր կռնակներով էր վաստակել, այսօր որդին հոր դիզածից չնչին մի մաս բերաններդ թապլելով, շլացնում է ձեզ և ձգտում թիկունքներիդ, վզերիդ վրա բարձրանալ: Այդ միջոցին ցրվիչը դուռը բացեց և մի համար «Արևելք» տալով՝ արագ-արագ մյուս լրագիրների անունները արտասանեց.

– Լրագիր այսօրվա – «Հայրենիք», «Մասիս», «Մանզումե», «Թերջիմանի-էֆքյար», «Մեճմուա», «Փունջ», «Արևելյան մամուլ», «Լա թուրքի», «Սթամբուլ», «Ֆար դը Բոսֆոր», «Վաքըթ», «Հագիգաթ»…

– Պետք չէ, Պողոս աղբար, պետք չէ:

– Թուլումբաջիների համար հետաքրքիր լուր կա «Ֆար դը Բոսֆորի» մեջ:

– Ուղի՞ղ, տեսնենք: Ցրվիչը տվեց ու հեռացավ: Կաղ-Մքոն սկսեց աչքից անցացնել «Արևելք» – ը: Հանկարծ առավ և մռնչելով հետևյալ տողերը կարդաց.

«Ամսիս 29-ին Գատը-գյուղի հույն և հայ թուլումբաջիների իրենց Իսկյուտարի արհեստակիցների պատվին տված ճաշկերույթին «Տիեզերք» լրագրի մեծհարգո խմբագիրը այն խնդրելով մի ճառ խոսեց, որը ժամից ավելի տևեց: Ճառախոսն իրեն նյութ ընտրած էր՝ մի կապով միացնեք Կ. Պոլսի բոլոր թուլումբաջիների խմբերը, որպեսզի հարկին, մեծամեծ աղետների ժամանակ, կարողանան զորեղ ուժով դիմադրել: Մեծ ոգևորությամբ և ծափահարություններով ընդունվեց ճառը և միաձայն վճռեցին. հաջորդ ամսի մեկին հավաքվել դարձյալ Գատը-գյուղ՝ ծրագիր կազմելու նպատակով»:

– Դարձյալ մի նոր խա՜ղ, դարձյալ աչքակապություն:

Օ՛հ, օ՛հ, օ՛հ, կաշառակուլ խմբագիրներ, կույր առաջնորդներ, փառաբանեցեք, հռչակեցեք, կուրացրե՜ք ամբոխը, – ասաց մռնչելով Կաղ-Մքոն, նստեց ու բացեց «Ֆար դը Բոսֆոր» – ը: Աչքը այս ու այն կողմ թարթելուց հետո միևնույն լուրը կարդաց, ավելի ընդարձակ: Քիչ հետո գրիչը վեր առավ և մի հրավիրագիր գրեց ժողովի համար, որի տակը մի տասն անուն նշանակելուց հետո սկսեց մտածել: Նա տատանվում էր և չէր իմանում էլ ո՜ւմ կանչել: Գրիչը դնում էր թղթի վրա և վերցնում: Վերջապես նա մի վաթսուն, յոթանասուն անուն գրեց և վարժատան ծառային տալով պատվիրեց, որ մինչև իրիկուն ամենքին տանի, ստորագրել տա, կամ հայտնե, որպեսզի անպատճառ գիշերը ժողովի գան:

Իրիկվան ժամը ութին ամենից առաջ ժողով եկավ Լալ-Մարգարը: Կաղ-Մքոն սպասում էր անհամբեր, ականջ էր դնում, բայց ո՜չ եկող կար, ո՜չ էլ դուռը բախող: Վերջապես ժամը իննի մոտերը եկան Մարտիրոսն ու Մանուկը: Կաղ–Մքոն կատաղել էր, չէր իմանում ինչ խոսքերով հայհոյի դավաճան ընկերներին: Եկավ ծառան էլ, տվեց հրավիրագիրը Կաղ-Մքոյին, որը մի քանի ածականներով ճամփեց նրան ու ներս մտնելով՝ սկսեց աչքի անցկացնել հրավիրվածների անունների դիմաց գրվածները, «չեմ կարող գար», «տանը հիվանդ ունիմ», «ինձ մի սպասեք», «ես հուսահատված եմ ձեր բռնակալությունից», «լսեցի», «ուրիշ տեղ խոսք եմ տված վաղօրոք» և այլն, և այլն…

Կաղ-Մքոն կատաղությունից փետում էր գլխի մազերը և կրծում պեխերի ծայրը:

– Կարծում եմ ժամանակն է, արդեն ժամը տասնի մոտ է, – ասաց Լալ-Մարգարը, – կարող ենք ժողովը բաց անել:

– Չորս հոգով ի՞նչ ժողով եք բաց անելու, – ասաց Մանուկը, – հետաձգենք երեք օր և աշխատենք, որ անդամներից գոնե մի քսան-երեսուն հոգի գան: Ինչի՞ է նման չորս հոգու ժողովը, լսողները ինչ կասեն, այնպես գործ բռնենք, որ նշանակություն ունենա և չասեն ինչ որ մտածել են այն էլ վճռել են:

– Ո՜չ, Մանո՜ւկ, ո՜չ, չարժե այդ մարդիկը ժողովի հրավիրել: Ավելի լավ է մեն-մենակ մնալ, քիչ ուժով գործել, քան թե այնպիսի մարդկանցով շրջապատվել, որոնք, արտաքին փայլից շլանալով, պատրաստ են դավաճանելու:

– Ես համոզված եմ, որ մեր ժողովը թեև քչվոր, բայց օրինավոր է, քանի որ մենք մեր թաղեցիների, մեր դրացիների բարիքը մտածելու համար ենք հավաքված և աղետների առաջը առնելն է մեր նպատակը: Կույր է ամբոխը, կույր են մեր թուլումբաջի ընկերները, որոնք թողնում են իրենց թաղի թուլումբաջիների դրոշակը և անցնում ուրիշների կողմը: Բայց մենք էլ չենք կարող կուրանալ և թողնել այս սուրբ գործը: Իմ հիվանդության ժամանակ թուլացել էր մեր գործը, այժմ ես առողջ եմ, կկպչեմ գործին, հույս ունիմ, որ շուտով մենք դարձյալ կզորեղանանք և անպատճառ կհաղթանակենք: Ժամը արդեն տասն էլ անցավ, ավելորդ խոսակցությունը թողնենք, անցնենք գործին:

– Պարոններ, – ասաց Լալ-Մարգարը լուրջ կերպարանք տալով իր դեմքին, – մեր խմբապետն արդեն կազդուրվել է, ես խնդրում եմ, որ ինձ ժամանակավորապես հանձնված պաշտոնը ետ առնելով, դարձնեք նրան: Ես պատրաստ եմ միշտ…

– Խնդրում եմ, խնդրեմ, պ. Մարգար, այդ հարցն առաջ բերելու ժամանակ չէ, մի՞թե այդ բանը կարևորագույնն է մեր այս գիշերվա գործի համար: Դու կամ ես, մի՞թե միևնույնը չէ, մեզ համար գործն է կարևոր և ոչ թե գործող անունները: Այդ հարցը դնելն ես ավելորդ եմ համարում բացակա ընկերների իրավունքները չբռնաբարելու համար: Գուցե մեզնից մի ուրիշ արժանավորը կգտնեն:

– Բայց ձեր անունը, ձեր անունը նորից ուժ կտա խմբին, – ասաց Լալ-Մարգարը, իսկ Կաղ-Մքոն դարձյալ խոսքը կտրեց.

– Անուններին նշանակություն մի տաք, պարոններ, ես գործի մեջն եմ, այդ արդեն բավական է, խմբապետ, թե ջրկիր, այդ միևնույնն է:

– Առայժմ մնա այդ ընտրությունը, – ասաց Մանուկը և հարցը վերջացրեց:

– Չգիտեմ ինչպես բացատրել ընկերների վարմունքը, մեր սրտակիցներն անգամ փայլում են այսօր իրենց բացակայությամբ: Նշանակում է մենք ընկերներ չենք ունեցել, այլ բախտախնդիրներ, որոնք միայն անձնական փայլի կամ շահի համար են մեզ շրջապատած եղել: Այս բանը թեև հուսահատական է երևում ձեզ, բայց ինձ համար մի ուրախալի երեվույթ է. ես արդեն շատ վաղ հասա այն եզրակացության, որ ամենախիստ ընտրություն պետք է անել ընկերների մեջ, թող փոքր լինենք թվով, բայց մեծ` սրտով ու հոգվով: Մեզ ընկեր և համախոհ կարծածները շլացած Կարճ-Նազարի էֆեկտներից, թուլացան, հեռացան և այսօր նրա հետ ժողովված են Գատը-գյուղում, հույների, հրեաների, ալբանացիների, նույնիսկ թուրքերի հետ և ծափահարում են նրան: Գործի պաշտողներ չէին նրանք, կուռք պաշտելով էլ թող մեռնին: Ահա թե ուր են, ահա թե ինչի մեր ժողովն այսքան սահմանափակ է:

– Յանղուն վար, յանղուն վար (հրդեհ կա), – սկսեցին պոռալ փողոցում:

– Մարտիրոս, իջիր, իմացիր որտեղ է, – ասաց Կաղ-Մքոն:

Փողոցներում գոռում էր մունետիկը և անցնում:

– Ճեմարանում կրակ է ընկել և սոսկալի կերպով տարածվել, – ասաց հևալով Մարգարը, սանդուխներից բարձրանալով:

– Գնանք, գնանք, – ասաց Մանուկը:

– Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք վազում, – ասաց զայրալի Կաղ-Մքոն:

– Երթանք մի քանի մարդ կանչենք ու թուլումբաներն առնենք, հասնինք:

– Լավ է, տեղդ ծանր կեցիր, հիմի Կարճ-Նազարի տղերքն ամեն կողմից թափված կլինին: Նրանք մշեցիների, ձկնորսների հետ իրենց թաղի մեջ չեն թողնիլ, որ դուք երեք հոգով քաջագործություն անեք: Ձեր օգնության կարոտ չեն:

– Բայց և այնպես…

– Մարգար ախպար, թե՜զ երթանք, դուռը բաց, թուլումբաները տուր, մեր տղերքը, մեր ճվերը, մեր մանր ու խոշորը վառվեցան:

– Տղա Գալո, այդ որտե՞ղ է ձեր ռեիս (խմբապետ)՝ Կոլոտ-Նազարը: ո՞ւր են ձեր թուլումբաջիները, – ասաց Կաղ-Մքոն:

– Վալլահ, վարժապետ, չեմ գիտեր: Այդ խոսքերի վախտը չէ, երթանք, թուլումբաները տվեք, տղերքը ժամի բակում ձեզ սպասում են: Թե՜զ, թե՜զ: Նազար էֆենդին, ասում են, Ղադիքյո է գնացել, ուռմըների հետ խորհրդի, բալնիքներն էլ նրա ընկերների ձեռին են: Արեք երթանք, ճամփեն կխոսինք: Թե՜զ արեք, շտապեցե՜ք, կոտորվեցինք, կրակը տունն առեր, ու բոցավառվում է ողջ ճեմարանը:

– Ահա, տեսա՞ք ձեր ռեիս, մեզ թողիք, գնացիք, հիմի էլ մեր ումուդին մնացիք: Մենք մարդ չունինք, ի՞նչ անենք ինչպե՞ս անենք:

– Վարժապետ, թեզ արեք, մեր քյուլֆաթը հիմա խորովավ, մեր մարդիկը հազիր են, նրանք կանեն, ինչ որ պետք է: Հազար հեղ ասի, – Նազար էֆենդի, Մքո վարժապետ, այդ թուլումբաներից մեկն այնտեղ թողեք, ամմա ո՞վ է լսողը: Ղոջա ճեմարան է, ինչ խանի-խարաբա է, հազար ծակ ունի, մեկ քյունջը չէի՞ք կարող տեղավորել: Նա գնացել է Ենիմեհլեի էն ծայրը, սա Սելամսըզի մեջ, հիմա նեղ փողոցներից մենք ինչպե՞ս անցկացնենք թուլումբաները ու հասնենք մեր քյուլֆաթն ազատենք: Ամմա, մեզ մարդու տեղ դնող չկա, մեր ուսերն են պետք, ոչ թե մենք…

– Ետև էլ կասեն Կոլոտ-Նազարի մարդիկը հանգցրին կրակը, – ասաց Կաղ-Մքոն:

– Աստծո սիրուն, վարժապետ, ես կպոռամ, որ Կաղ – Մքոյի թուլումբաներով, Կաղ-Մքոն մարեց, կրակը: Երթանք, երթանք:

Սկսեցին բոլորը միասին վազել: Բայց մինչև դռների փականքները բաց անելը, մինչև գործիքների տալը, մինչև հորերից ջուր քաշելը` ճեմարանի կրակը սաստկացավ և էլ հանգցնելու հնար չեղավ:

Հին շինություն, ներքին հարկի աղյուսի պատից մինչև կտուրի կղմինդրը շինված էր մարխոտ չամ փայտից, որը չորացել էր և այրվում էր վառոդի նման: Մինչև ս. Խաչ եկեղեցու բակից թուլումբաները փոխադրեցին ճեմարանի բակը, մինչև Գատը-գյուղից իմացան ու օգնության հասան Կարճ-Նազարի մարդիկը, շինությունը մոխիր դարձավ, և միջի բնակիչների մեծ մասը խանձվեցան այդ մոխրի կույտի տակ:




ՄԱՐԴԱՎԱՐԻ ՀԱՑ ՈԻՏԵԼ


– Ազիզ սահաբ, – ասաց վաճառականն իր օտար հյուրին, որը նվիրական Քեր-Բելա քաղաքից դուրս էր եկել իր հետևորդների մեջ շրջագայելու, անձամբ վերստուգելու նրանց կենցաղը, – կյանքումս երբեք աղոթքից ու ծոմից ետ չեմ մնացել, ուխտագնացությունս ինչպես Քյաբե, նույնպես Մեշեդ ու Նեջեֆ կատարել եմ, վաստակիս տասներորդը ամեն տարի հասցրել եմ ուր հարկն է, որ արժանավոր աղքատներին բաժանեն, զավակներիս դաստիարակել եմ ջերմեռանդության ոգով, ինքս երբեք օրինազանցության մեջ չեմ գտնվել, ոչ մի գործով էլ դատավորների դռները ոչ մաշել եմ, ոչ էլ կանչվել, ասա, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ իսկապես մյուսլիմ համարվել, թե դեռ պակասություն ունեմ:

– Ի՞նչ ասեմ, եղբա՛յր, դու ուզում ես մյուսլիմ համարվել, բայց ոչ միայն հավատացյալի պարտականություններից բոլորովին անտեղյակ ես, այլ հավատացյալին վայել հաց ուտել անգամ չգիտես:

Հյուրընկալը ընկավ խոր տխրության մեջ: Նա, որ ամբողջ քսան տարի այդ սահաբի (տեր) միջոցով յուր վաստակի տասներորդը՝ տարեկան 2 – 3 հազար, ցրվել էր կարոտյալներին, որպեսզի ալլահի պատվերը կատարած լինի, հանկարծ այնպիսի տգետ և պակասավոր էր հայտարարվում իր դենպետից, որի արդարադատության և կատարելության մասին ոչ մի կասկած չէր կարող ունենալ: Այս նկատողությունը խոր թախիծի մեջ սուզեց բարեպաշտ հաշուն, և նա ամբողջ քառորդ ժամ չկարողացավ լեցուն բաց անել և երկու խոսքով մի հարց առաջադրել դենպետին:

Երբ մտավոր հույզերից սթափվեց, նորից հարց տվեց հաջին.

– Ազիզ սահաբ, ի՞նչ պակասություն ունիմ, որ ասում եք, թե օրինավոր կերպով հաց ուտել անգամ չգիտեմ:

– Ասա՛, խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում:

– Նախ հարցնում եմ զավակներիս միջոցով իրենց մորից, թե արդյոք կերակուրը պատրա՞ստ է: Երբ դրական պատասխան եմ ստանում, առաջարկում եմ սենյակը մաքրել սփռոցը փռել գորգի վրա, սեղանը զարդարել աղով, հացով, կանաչով և խորտիկներով, ալլահի տվածից ոչ մի զրկողության չեմ դատապարտում անձս և ընտանիքս: Ապա լվացվում եմ. բոլորս մաքրված նստում ենք սեղանի, «Բիսմիլլահ» (աստծու անունով) ասում ու կտրում ենք հացը և սկսում ճաշը կամ ընթրիքը: Աշխատում ենք ոչ շորերս, ոչ էլ սեղանի փռոցները և կամ հացի մանրուքը չլափոտել:

– Վե՞րջը, – հարցրեց հյուրը:

– Վերջը ավելացածով կշտացնում ենք մեր բոլոր ծառայողներին և աղախիններին, որոնց երբեք չենք զրկում որևէ բաժնից, ինչ որ աչքերը տեսել է սեղանի վրա:

– Վե՞րջը:

– Նորից լվացվում ենք, ալլահին փառք տալիս, ծխում ենք կալիոններս և հետևում մեր գործերին:

– Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես, ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել:

– Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ինչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել: Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ ոք չգիտենք, խնդրեմ սովորեցնեք:

– Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո չե՞ք զրկել: Պետք է անկեղծությամբ խորհել, թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ: Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարել ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքով ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա: Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ: Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ով ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել: Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել:

Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին:




ԾՈՄԱԲԱՑԻՆ


Ծոմապահության (Ռամազան) ամսի 15-ին Հաջի Ալի Հարիրֆրուշը (բեհեզավաճառ) խոսք էր առել Քեր-Բելայից եկած դենպետից յուր տունը այցելելու և միասին ծոմաբացին ընթրելու: Վաճառականը անչափ ուրախացել էր, որ շիաների երկրպագության արժանացած մյուջթեհիդը խոստացել էր նրա տանը ընթրիքի բազմելով բախտավորեցնել:

Ահա այս պատճառով հաջին լավ պատրաստություն էր տեսել և իր աչքի ընկնող դրացիներին, մրցակիցներին և բարեկամներին հրավիրել էր նույն իրիկուն ներկա գտնվելու իր տանը և սրբակրոն հոր օրհնություններին ու բարոյական վսեմ հորդորներին մասնակցելու:

Արևը մայր մտնելուց մի ժամ առաջ բոլոր հրավիրյալները ներկայացել էին հարգևորի տունը և անհամբեր սպասում էին դենպետի գալուն, որի տանից ճանապարհ ընկնելու լուրը արդեն հասցրել էին արագավազ լրաբերները: Եկավ վերջապես դենպետն էլ, հրավիրյալները պարտեզի ծաղկանոցից անցան թենեբին (մեծ սրահը) և ծնկների վրա կարգով չոքեցին սրահի չորս կողմը փռված մինդարների վրա, որոնք ծածկված էին ընտիր գորգերով:

Երբ սկսեց չորս բոլորի հրավիրյալների վիճակից հարցուփորձ անել մեծ դենպետը, սենյակի մեջ այնպիսի լռություն տիրեց, որ օդի մեջ թռչկոտող ճանճերի ձայնն անգամ այնպես աղմկալի էր թվում, որ տանտերը մտորում էր մի կերպ դուրս վանել դրանց, որ չխանգարեն բարձրագույն հյուրին: Բայց ճանճերը խո չէի՞ն կարող մտնել տանտիրոջ հոգեկան աշխարհը, չվրդովել հյուրընկալին և նրա բարեկամներին:

Այդ միջոցին մոտի ընդարձակ սրահում պատրաստում էին սեղանը, որտեղ սպասավորները ամենայն զգուշությամբ և ճաշակով դասավորում էին կերակուրները: Սուփրի ծայրերին ութ սինի փլավ ու չլավ էր դրած, բոլորն էլ զանազան համեմունքներով, իսկ մեջտեղը շարած էին որսի, գառի, հավի մսերից, կաթնեղեն, քաղցրեղեն և ուրիշ կերակուրներ: Խոշոր, հախճապակե բադիաներով շարած էր օշարակը, որոնց մեջ լցրած էր շիմշատից շինած գեղեցիկ շերեփներ: Մրգերը իրենց վառվռուն գույնով հրապուրում էին աչքերը, կերակուրները իրենց քաղցր բույրով գրգռում ախորժակը:

Երբ արևը մտավ հորիզոնից, դենպետը, արևամուտի աղոթքի ժամանակը հասած համարելով, զննեց կողմնացույցը և կամենում էր աղոթքի կանգնել: Հանկարծ պարտեզի դռնից աղմկելով ներս մտավ մի պառավ թրքուհի, ոտից մինչև գլուխ չարսավում փաթաթված, ձեռքում աղերսագիր և ուղղվեց դեպի թենեբիի լայն բաց լուսամուտը:

Թեև տանտիրոջ ծառաները շատ աշխատեցին, որ արգելեն պառավին խնդիրը ներկայացնելու, բայց մեծ մյուջթեհիդի հավատարիմը նրանց առաջը կտրեց ասելով.

– Արդարադատության դուռը ոչ մի րոպե չի կարելի փակել: Խնդրատուի առաջ միշտ բաց են դատարանի դռները:

Կինը ներկայացրեց խնդիրը, որը թենեբիից դենպետն առավ ասելով.

– Աղոթելուց առաջ անհրաժեշտ է հուզվածների ու բորբոքվածների բողոքը լսել:

Հանդիսականները անմռունչ լսում ու զննում էին իրենց դենպետի խոսքն ու արարքը, որը ակնոցն ուղղեց և սկսեց կարդալ խնդիրը:

– Ինչո՞վ ես հաստատում, որ այս տունը քոնն է, խանում, – հարցրեց դենպետը:

– Թեև մարդու չեմ հավատացել իմ կապալես, բայց ձեզ վրա լիովին վստահ եմ, կարդացեք, սահաբ, – ասաց ու ծոցից դուրս հանելով կալվածագիրը, հանձնեց դենպետին:

Մյուջթեհիդը կարդաց կալվածագիրը, զննեց կնիքները և հարցրեց մոտը նստած մյուջթեհիդից, թե կնիքն ու ստորագրությունը ծանո՞թ են նրան:

– Ծանոթ է. Հաջի Միրզա-Բաղր աղայի ձեռագիրն է, – պատասխանեց կղերականը:

– Հաջի-Ալի, առաջ արի տեսնենք, թե ինչ է ասում այս կինը, որ տեր է կանգնել քո այս բնակարանիդ և ինձ զգուշացնում է չաղոթել իր տան մեջ առանց իր համաձայնության:

– Սահաբ, – ասաց դենպետի առաջը չոքելով տանտերը, – ահա երեսուն տարի է, որ իմ ձեռքին է այս տունը, և ես գնել եմ Դալալ-Բաշուց:

– Ուրեմն այս տները շինել է Դալալ-Բաշի՞ն:

– Այո, բայց ես նրանից գնել եմ և թղթերս վավերացրել են բոլոր հայտնի մյուջթեհիդները:

– Տեսնեմ թղթերդ, – ասաց դենպետը:

Հաջի-Ալին երբ ներս գնաց թղթերը բերելու, թրքուհին ասաց,

– Սահաբ, երբ ամուսինս վալիահթը կանչել էր, նա վախենալով, որ իրեն կարող են կողոպտել, անմիջապես գնացինք մյուջթեհիդի մոտ, և ինձ ծախեց տները, որ ապահովե վտանգից: Բանտում Դալալ-Բաշուն այնքան տանջել տվեց վալիահթը, մինչև ստիպեց տունը ծախել և յոթ հազար թուման տուգանք վճարել: Թեև ամուսինս շատ դիմադրեց, բայց տանջանքի տակ անճարացած զիջավ և յոթ ամիս հետո մի երկրորդ կապալե տվեց Հաջի-Ալիին, իսկ այս անիրավը բռնության ենթարկվածից հափշտակողի նման գրավեց կայքը և տիրացավ:

– Բանտից դուրս եկա՞վ Դալալ-Բաշին:

– Ոչ, այնտեղ նրան թունավորեցին:

Այս ժամանակ ներս եկավ Հաջի-Ալին և իր կալվածագիրը ներկայացրեց դենպետին:

– Սահաբ, բացի այս կապալագիրը, ինքը վալիահթը և շահը հաստատել են իմ դոկումենտներս:

– Աղբ են կերել շահը և վալիահթը, նրանց ի՞նչ գործն է արդարադատությունը: Այս կինը այս տունը քեզանից յոթն ամիս առաջ գնել է իր ամուսնուց, սիղան կարդացվել է, նրա սեփականությունն է:

– Սահաբ, ես ի՞նչ մեղք ունիմ, երբ ինձ խաբել են. երկրորդ կապալե են տվել, ես վալիահթի ստիպմամբ եմ գնել այս տունը, Դալալ-Բաշու խնդիրքով նրան ազատել եմ քսան հազար թումանի պարտքից:

– Լսիր, բռնակալների մասին խոսելն ավելորդ է: Տունը այս կնոջն է, և երեսուն տարվա ընթացքում այս տան մեջ կատարած աղոթքներդ, տված ողորմությունդ, բաժանածդ բարիքները, բոլորը զուր են անցել, քանի որ տանտիրոջ կամքի հակառակ նստել ես այս տանը և նրան հոգեպես տանջել: Այս տան մեջ կատարված բոլոր ամուսնությունները պոռնկության է փոխարկվել և ծնվածները պոռնկորդի են դարձել: Այստեղ ոչ միայն աղոթելը, ընթրելը հարամ է, այլ նստելն ու խոսելն էլ հանցանք: Ես այլևս չեմ կարող մնալ հափշտակիչի տանը:

– Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, – ասաց գունատված Հաջի-Ալին:

– Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել:

– Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք:

– Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը, – ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց:

Բոլոր հանդիսականները նրան հետևեցին: Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը:




ԵՐԱԽՏԻՔ



(Պատմած)

Ամբողջ Թավրիզը մեծ իրարանցումի մեջ էր, ամեն կողմից ժողովուրդը դիմում էր դեպի փողոց, որտեղից անց էին կացնելու դահիճները քյալբալա Ղասըմին և Թոփ-Խանեի հրապարակն էին տանելու, որպեսզի մյուջթեհիդի վճիռը գործադրեին: Էլ հասակավոր, երիտասարդ թե երեխա, կին, պառավ թե աղջիկ, ամենքը շտապ-շտապ Թավրիզի նեղ-նեղ փողոցներից անցնելով, դիմում էին մյուջթեհիդի բնակարանի շրջապատի նեղ-նեղ փողոցները և այդ նեղլիկ անցքերում, որոնց միջով չորս-հինգ մարդ կշտեկուշտ չէին քայլել, ամբոխի ահավոր բազմությունը ղժվրտում էր իր բազմազան դասերով և խայտաբղետ տարազներով:

Ժխորը այնպես էր տարածվել օդի մեջ, որ կողք-կողքի կանգնած մարդիկ իրար չէին կարողանում լսել, երկու խոսք իմանալու համար ականջ խլացնելու աստիճանի պետք էր ճվալ:

Ամառային տաք օր էր, թեև մութ փողոցների թանձր կամարակապ ծածկույթներից արևի ճառագայթները չէին կարող ներս թափանցել, բայց աղբերով, կեղտոտություններով նեխված փողոցներում արդեն այնպիսի գարշահոտություն էր տիրում, օդն այնպես էր թանձրացել և տոթը սաստկացել, որ ժողովուրդը, բավականություն չստանալով, ծանրությամբ էր շնչում: Թեև ամեն կողմ բարձրահասակ, առույգ, առողջ ու պնդակազմ մարդիկ էին երևում, բայց այդ ապականված մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:

Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. – Ճանապարհ բացե՜ք, բացվեցե՜ք, ճանապարհ տվեք: – Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում:

Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ. իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը էլ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս:

Թեև երկու-երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս չէին բերում իր որջից: Թեև մի քանի անգամ նաիբ-յուլ-հաքիմից մարդ եկավ մյուջթեհիդից խնդրելու, որ չարագործին կառավարության հանձնեն, որ նա պատիժը գործադրել տա, բայց ձեռնունայն հեռացան, շերիաթի պաշտոնյան չէր զիջանում, որ գործին միջամտի դիվանը: Երկինքը իր հայտնություններով հպատակների (իսլամ) դատն ու դատաստանը հանձնել էր կրոնի պաշտոնականին, որի արարքը չէր կարող աշխարհային որևէ վարչության կամայականության ենթարկվել:

– Ախար, ի՞նչ է պատահել, – հարցրեց մի ծերունի, խառնված բազմության մեջ, իրեն խոսակից մուսուլմանին, – ի՞նչ մեղք է գործել քյալբալա Ղասըմը, որ մյուջթեհիդի պատուհասին է արժանացել:

– Էլ ի՞նչ պիտի աներ, – պատասխանեց խոսակիցը, – Փողոցի մեջ լույս ցերեկով այնպես է ծեծել մի սեիդի, որ ոչ միայն փակեղն է գլորել գետին, երեսն արյունել, այլ մինչև անգամ վերարկուն է պատռել:

– Մի՞թե, մի՞թե… – ասաց ծերունին մտախոհ զարմանք արտահայտելով: Ապա քիչ հետո կրկին հարցրեց. – Արդյոք ի՞նչն է ստիպել, որ քյալբալան այդ մարգարեի տոհմիկի վրա ձեռք է բարձրացրել:

– Պատճառը իսկապես հայտնի չէ, բայց ասում են, իբր թե սեիդը սուտ վկայություն է տվել Ղասըմի դեմ և ահագին տուգանքի ենթարկել:

– Եվ դրա համար ի՞նչ պատիժ է սահմանել մյուջթեհիդը:

– Դեռ որոշ հայտնի չէ, բայց ասում են թևն են կտրելու:

– Բայց եթե իսկապես սեիդն է մեղավորը, – սա հոգին սևացրել, կաշառվել և սուտ վկայություն է տվել, – մի՞թե անարդար չի լինիլ Ղասըմի պատիժը, մի՞թե ներողամտության չի արժանանալ…

– Ի՞նչ եք ասում, ապագադ բարի լինի, ծերուկ, աշխարհի չնշին բանի համար մի՞թե կարելի է մարգարեի տոհմիկների վրա ձեռք բարձրացնել: Մի՞թե պետք չէ կտրել, դեն գցել այդպիսի կեղտոտ դաստակը:

– Ձեր ասածը զուտ ճշմարտություն է, – վրա բերեց ծերուկը կրոնամոլ ընդդիմախոսին հանդարտեցնելու համար, – բայց հակառակն եմ ասում, եթե իսկապես սեիդը սուտ է վկայել որով տանջել, կրակի մեջ է գցել Ղասմին ինչ պետք է անել: Գուցե այդպիսի սուտ վկայողը երբեք չի կարող մարգարեի սերունդից լինել, նա կեղծ տոհմիկներից է, որոնք հազար սուտը մի բիստիով7 են վկայում:

– Թե սուտ է վկայել սեիդը, այդ մեր գործը չէ, թող նա պատասխան տա երկնավոր թագավորին, իսկ եթե կեղծ տոհմիկ է, այդ մասին էլ թող նրա հոգին քաշե պատիժն ու տանջվի, ինձ ինչ… Բայց լռիր, թող, ինձ հանգիստ թող, ահա դուրս են բերում չարագործին:

Այդ միջոցին քյալբալա Ղասըմին դուրս բերին մյուջթեհիդի տանից, ոտքերը շղթայած, դաստակները թևակապում զետեղված: Երկու անութների տակից մի հաստ պարանով նրան կապել էին, որի երկու ծայրերը երկու ձիավոր սեիդներ բռնած տանում էին երկու կողքից: Հետևից, առջևից մի քանի տասնյակ հետի մոլեգնած սեիդներ և ախունդներ էին շրջապատել և ահագին աղմուկով առաջ էին գնում: Ամբոխը իր նախատինքով, թքով ու կնճիռներով նրան ընդունեց և առաջնորդեց գեպի Թոփ-Խանե, իսկ Ղասըմը այդ սոսկալի դրությամբ, համր քայլերով առաջ էր գնում ժողովրդի միջով: Դատապարտյալը վշտաբեկ առաջ գնալիս աչքերը վեր անգամ չէր կարողանում բարձրացնել, մռայլ դեմքով, գետնին նայելով, առանց ուշք դարձնելու իրեն դեմ տեղացող սոսկալի հայհոյանքներին, քայլերը փոխում էր առաջ ու առաջ:

Այդ պահուն ձիավորված և ծառաների ընկերակցությամբ կողքի փողոցից անցնում էր Թաջիր Միր-Մուրթուզան, որը Թավրիզի մեջ անվանի հարուստ վաճառական էր, անհամար գանձեր ուներ, մեծամեծ կալվածներ և անթիվ գյուղեր: Սա իր բազմաթիվ ծանոթների, իր հարստության և գանձերի երկրպագուների շնորհիվ միշտ մտքից անցածը, ցանկացածը գլուխ էր բերել: Միր-Մուրթուզան այնպիսի դիրք էր ստեղծել իր անբավ գանձերով, որ նրա խնդիրքը ինչպես շահի պալատում, այնպես էլ դենպետների դռներում երբեք չէր մերժվել: Նա Ղասըմին շատ լավ էր ճանաչւււմ, այդ քանքան փորող արհեստավորը նրա համար շատ ջրանցքներ էր փորել, սարերից, ձորերից անցկացրել, նրա կալվածները, հանդերն ու այգեստանները ջրելու միջոց էր տվել և ամայի անապատները դրախտի վերածելու հնարներն էր գտել: Շնորհիվ իր սրամտության, տաղանդի, կորովամտության և անխոնջ աշխատության, Միր-Մուրթուզայի կայքերի եկամուտները ոչ թէ կրկնապատկվել, այլ քառապատկվել էին, իսկ Միր-Մուրթազան դեռ շատ կարիք ուներ, Ղասըմը նրա համար հարկավոր մարդ էր: Բայց որովհետև Միր-Մուրթուզան, ինչպես սովորաբար բոլոր հարուստները և կալվածատերերը, անչափ ագահ էր և սարսափելի ժլատ, միշտ խոստացածից շատ չնչին վարձով էր Ղասըմի հաշիվները փակել, ուստի Ղասըմը ոչ միայն նրան վիրավորելով հեռացել էր, այլ մինչև անգամ այս նեղ օրումն էլ չէր դիմել մեծատան օգնությանը:

Այդ սոսկալի թափորը տեսնելուց հետո, Միր-Մուրթուզան գործի մանրամասնությունների մասին իր սպասավորներից կարևոր տեղեկություններ իմանալուց հետո մտածեց ինքն իրեն, թե Ղասըմը իրեն կարևոր անձ էր, դրան այնպիսի մի փորձանքից, մի պատուհասից ազատելով, կարող էր ընդմիշտ ստրկացնել, ցմահ պարտավորեցնել և դրա ձեռքով իր կալվածները ծաղկեցնել: Ուստի առանց ժամավաճառ լինելու, ձիու սանձը թեքեց, գլուխն ուղղեց մյուջթեհիդի տան կողմը և շտապեցրեց, որ կարողանա մտադրությունը կատարել:

Մյուջթեհիդը մի բարի մարդ էր, ամեն գործ ծանրությամբ ու մանրազննությամբ քննող: Միանգամայն Միր-Մուրթուզային չհնազանդելու առիթ չուներ, քանի որ վերջինս էլ, ճշմարիտ հավատացյալների նման, ամեն տարի իր եկամուտների տասներորդը և աղքատների բաժինը այս դենպետի ձեռքով էր բաժանել տալիս կարոտյալներին: Ինքն էլ ճշմարիտ հավատացյալի, ջերմեռանդ տոհմիկի և պարտաճանաչ մուսուլմանի համբավ ուներ, ուստի դենպետը հավատաց իր ծխական վաճառականի խոսքերին:

– Ղասըմը ազնիվ մարդ է, – ասում էր կալվածատերը, – իսկ նրա հակառակորդը խաբեբա, կեղծավոր, խարդախ և սուտ վկա: Մինչև անգամ բաբիների մեջ են նրան տեսել քանի՛-քանի՛ անգամ իմ ծառաները: Այդ փուչ խաբեբան, իսկապես, արժանի էր դրանից էլ սոսկալի անարգանքի ու ծեծի, քանի որ ես համոզված եմ և գիտեմ, որ նա պարզ ճշմարտության հակառակ էր վկայել, և Ղասըմը անճարացած ստիպվել էր այդ քայլն անելու…

Միր-Մուրթուզան այնպիսի ճարտարությամբ խոսեցավ, որ մյուջթեհիդը համոզվեց և իսկույն իր մերձավորներից մեկի ձեռքով մի հրաման գրեց, կնքեց, տվեց, որ գնա, անմիջապես հասնի և Ղասըմին ետ բերի իրեն բնակարանը, որպեսզի գործը կրկին քննելով, հաստատ համոզմունք կազմե, որ ապագայում պարտավոր չմնա խղճի դեմ:

Այսպես էլ եղավ: Անմիջապես մյոլջթեհիդի հրամանը հասավ, և դահիճը, երբ արդեն կացինն էր սրում, որ բարձրացնե ու կտրե կոճղի վրա դրված-կապված Ղասըմի թեև, մյուջթեհիդի գործակալի ձայնը նրան կաշկանդեց և դատապարտյալին ետ տարան որտեղից որ բերել էին: Միր-Մուրթուզան այնքան խոսեցավ և այնպիսի ցուցումներ տվեց, որ Ղասըմին մինչև հետը տանելու հրամանը չառավ, դուրս չեկավ մյուջթեհիդի ապարանքից:

Ղասըմը, որ մի այսպիսի բարեպատեհ պաշտպանության բոլորովին հույս չուներ, անչափ շնորհակալությամբ բաժանվեց Միր-Մուրթուզայից և դիմեց իր տունը, անհուն ուրախության մեջ զեղելով իր կնոջը, մորը, զավակներին և արյունակիցներին, որոնք սրա ձերբակալված օրից սուգի և թախիծի մեջ ընկած, ողբում էին իրենց սոսկալի վիճակը:

Բայց քյալբալա Ղասըմին, որը շատ լավ ուսումնասիրած էր հարուստ վաճառականի հոգեկան աշխարհը, անչափ տարօրինակ թվաց Միր-Մուրթուզայի վերաբերմունքը և նա խրվեց խոր մտածությունների մեջ, թե արդյոք ինչ բանն ստիպեց կալվածատիրոջը՝ իրեն պաշտպան հանդիսանալ, նամանավանդ որ ինքը նրան վշտացնելով հեռացած էր: Ղասըմը գիտեր, որ Միր-Մուրթուզան օգուտ չսպասած գործի համար չէր զիջանիլ այդպիսի նեղություն հանձն առնել և այնքան թախանձանքով ու երաշխավորությամբ իրեն փրկել:

Մի քանի օրից Ղասըմը կրկին կպավ իր գործին, սկսեց ման գալ կալվածատերերի դռները, որ գործ գտնի և քիչ թե շատ փող ձեռք գցե իր բազմաթիվ ընտանիքը կերակրելու համար: Նա, ինչպես ասացինք, հայտնի քանքան փորող էր և ազատ ժամանակ չուներ, իսկ այս գործի մեջ արդար դուրս գալով այնպես հռչակ ստացավ, որ մեծամեծները, կալվածատերերը իրենց բոլոր գործերը նրան էին հանձնում, այնպես էր, ինչպես ասում են, «Էլ գլուխը քորելու ժամանակ չուներ», առավոտից մինչև իրիկուն, գիշերն անգամ գետնիտակ, խլուրդի նման, փորում էր ու ծածկվում և սարերի լանջով հուրը պտտեցնելով, ոլորելով հասցնում էր այս ու այն խանի-խավանի կալվածները:

Բայց շաբաթական մի կամ երկու անգամ անպատճառ նա այցելում էր իր բարերարին՝ նրա ապարանքում, այնպես որ աղոթատան նման էր դարձել Ղասըմի համար Միր-Մուրթուզայի թանաբին. ազատ ժամանակ գտնելուն պես գնում, չոքում էր նա բարերարի դիմաց, լսում նրա հրամանները կամ խրատները, պատմում էր նրան անկեղծությամբ իր գլխին պատահած առօրյա արկածները, մի խոսքով սիրտը բացել, դրել էր նրա ոտքերի տակ: Դեռ այդ բավական չէ, Ղասըմը Միր-Մուրթուզայի կալվածների վերաբերյալ բոլոր խորհուրդները ոչ միայն առանց վարձի էր գնում, զննում ու տալիս, քանքանները համարյա թե առանց վարձի էր փորում, դեռ մշակներին տալիս էր սովորական վարձագնի կեսից էլ պակաս և ամեն կերպ աշխատում էր նրա շահերը կարելի եղածին չափ պաշտպանել, իրեն հանձնարարված գործերն ամենաբարեխղճաբար կատարել:

Բայց Միր-Մուրթուզան այս բոլորից չբավականանալով, ամեն մի առիթը պատահած ժամանակ, առանձնակի, թե հասարակության առաջ, միշտ կրկնում էր.

– Ապերախտ մի լինիր Ղասըմ, գիտես, որ եթե ես չլինեի, այդ դադող ձեռքդ կտրած էին, որի ցավից եթե չմեռնեիր, պատերի տակ նստկան մուրացկան պիտ դառնայիր:

– Անչափ շնորհապարտ եմ, – միշտ կրկնում էր վշտացած սրտով Ղասըմը, – քու հովանին միայն ինձ փրկեց, քու ողորմությամբ եմ միայն ապրում, ընտանիքս կերակրում: Մինչ ի մահ քու երախտիքը ես չեմ կարող մոռանալ, դու միայն քեզ ու տոհմիդ հատուկ աղայությունով ինձ փրկեցիր, ինձ ազատեցիր սոսկալի վիճակից:

Բայց Միր-Մուրթուզան, իր հին սովորության համաձայն, երբեմն այնպիսի պարտավորություններ էր դնում Ղասըմի վզին, որ վերջինս, եթե գրաստ անգամ լիներ, դարձյալ կմտածեր, որ վաճառականը չարաչար հարստահարում էր իր երախտագիտությունը: Բայց որովհետև միտքը դրել էր թևը կտրելուց ազատողին պարտավոր չմնալու, նրա անվերջ մուննաթներին վերջ տալու և բարիքը փոխարինելու համար կատարել նրա պահանջները, մինչև նրա ինքնաբերաբար բավականություն ստանալը, ուստի գլուխը կախ գցած իրեն և ընտանիքը զրկանքների ենթարկած, բոլոր ուժը կենտրոնացրած, արյուն-քրտինքով տանջվում էր ու աշխատում Միր–Մուրթուզայի կալվածներում:

Մինչև անգամ այնքան անբարեխիղճ էր կալվածատերը, որ Ղասըմի ձեռքի տակ բանող գործավորներից ամենահետնյալ մշակի կեսի չափովն էլ չէր մտածում Ղասըմին բավականացնել, այնպես որ խղճալին պարտավորված էր լինում երբեմն-երբեմն կողմնակի կալվածատերերից Պարսկաստանին հատուկ քառասուն-հիսուն տոկոսով փող փոխ առնել ընտանիքը քաղցից փրկելու համար: Եվ եթե այս պարտքի վճարման համար մի երկու օրով ուրիշի կալվածներն էր կարգի բերում, նրանց քանքաններն էր վարել տալիս, Միր-Մուրթուզան նրան կանչել տալով, ասում էր հանդիմանությամբ.

– Երախտամոռ, թողել իմ գործերս, ձգել ես երեսի վրա իմ կալվածներս, գնացել աշխատում ես այն մարդկանց գործերում, որոնք քեզանից երես թեքեցին, երբ դահիճը ձեռքդ էր կտրելու:

– Ախր, աղա ջան, ղուրբան, – ասում էր Ղասըմը հանգստությամբ, – ներեցեք համարձակությանս, մեր տանը ութ-տասը բերան կա, որ առավոտ–իրիկուն հաց են ուզում, դրանց մարմինները ծածկելու համար հագուստ է պետք: Ես ձեր գործերը կարգի դրած միայն հեռանում եմ, այնպես որ իմ բացակայությանս առաջ են տանում գործը բանվորներս և եթե ինձ պետք են ունենում, կանչում են: Իմ գնալովս ոչ միայն գործերիդ վնաս չի հասնում, այլ ես միջոց եմ գտնում ընտանիքիս կարիքները հոգալու և ձեզ այդ նեղությունից ազատելու:

– Էհ, մի արդարանալ, պատճառաբանություններ մի գտնիլ, – ասում էր ագահ կալվածատերը: – Վարձ չես ստանում, դրա համար ես փախչում: Քանի-քանի անգամ առաջարկել եմ, որ վարձ չես առնում, խո ես մեղք չունի՞մ: Լավ է, լավ, թող հավաքվի քո վարձը ինձ մոտ, միանգամից այնպես բան անեմ, որ դու մարդ դառնաս, – ասում էր Միր-Մուրթուզան, բան չհասկանալ ձևանալով և կարծում էր, որ իր տված հույսի քամիներով կարողանում էր խաբել Ղասըմին:

Իսկ Ղասըմը չարատանջ կյանքը մի կերպ քարշ էր տալիս, Միր-Մուրթուզայի փրկած թևը չխնայելով նրա գործերում բանեցնելու:

Տարեցտարի ահագին հարստություն էր ձեռք բերում հարուստ վաճառականը և ձեռն անցած գումարով նորանոր գյուղեր էր գնում ու ընդարձակում իր կալվածները և Ղասըմի գործի ասպարեզը: Միր-Մուրթուզան քառասուն տարվա մեջ հորից ժառանգած չորս գյուղերի թիվը քառասուն անգամ բազմապատկել էր, այնպես որ հարյուր վաթսուն գյուղի մեջ ապրող այնքան հազարավոր շինականները, էրիկմարդ, կին, տղա, աղջիկ, բոլորը միասին աշխատում էին, տարվա չորս եղանակներում տանջվում, երկիր մշակում, այգիները, պարտեզները և հանդերը պարարտացնում, խնամում, ջրում, ցանում ու քաղում իրենց մշակած ահավոր հողերի բոլոր բերքը, կիսում կալվածատիրոջ հետ:

Անկուշտ կալվածատերը, որ հարյուր-հազարավոր խալվարներով գարին ու ցորենը ամբարում ծախում էր, բրինձը շտեմարանում մաքրել տալիս և հեռու աշխարհներ ուղարկելով ահավոր գումարներ էր ստանում, չորացած միրգը, նուշը, չամիչը, ծիրանն ու սալորը Թավրիզի հայ վաճառականների վրա իր տեղում ծախում, ոսկին ու արծաթը քաշում էր իր սնդուկը, այդ անչափ գումարներով չկշտանալով, ոչ միայն կալվածների բարիքից տափերի ջրերը կարգի բերող մշակի` Ղասըմի տունը մի ջվալ ցորեն, մի բուռ բրինձ չէր ուղարկում կամ մի քանի շահի սև փող չէր տալիս, այլ իրաններին էլ չէր թողնում շռայլելու: Խելք ու միտքը տվել էր կայքերը շատացնելուն, եկամուտները ամբողջապես նորանոր կալվածների էր հատկացնում և երազում էր ամբողջ Ատրպատականի գյուղերին տիրել և մի օր նրա տերը դառնալ:

Իսկ Ղասըմը առանց ծախվելու ստրկացել էր և գլուխը քաշ արած Միր-Մուրթուզայի գնած նորանոր կալվածների քանքաններն էր կարգի բերում ոչ միայն առանց վարձի, այլ մինչև անգամ գոհունակության էլ չէր արժանանում: Դեռևս բարերար կալվածատերը տեղի անտեղի չէր մոռանում ամեն դեպքում նրան հիշեցնել, սիրտը ծակելով և կյանքը դառնացնելով, որ Ղասըմի թևը, հետևաբար և կյանքը ինքն էր փրկել, նա պարտական էր իրեն:

Ամբողջ տասը տարի Միր-Մուրթուզայի համար աշխատեց, հուսալով, որ վերջապես այդ անխիղճ արարածի սիրտը կհագեցնե և կբավականացնե, բայց զուր անցան Ղասըմի ցանքերը: Սա ամեն տեսակ դառնություն, նախատինք, զըրկանք սիրով տարավ, որ փոխարինե թևը կտրելուց ազատողի բարիքը, իսկ բարերարը փոխանակ բավարարվելու, օրեցօր գործերը ծանրացնում էր և ավելի պահանջող դառնում:

Միր-Մուրթուզան մի րնդարձակ կալվածք էր ձեռք բերել առնելիքի մեջ, որի անջրդի տափաստանները անապատի տեսք ունեին: Շատ անգամ Ղասըմի հետ նրանք այդ կալվածքի համար հատուկ Թավրիզից երկու օրվա ճանապարհ էին գնացել, ամեն մի անգամին երեք-չորս օրով ման էին եկել այդ կալվածքի սահմանները, բայց ջուրը բերելու հնար չէին գտել: Երևում էր, որ ժամանակին այդտեղ բնակություն եղել էր, հետևաբար պետք է որ ջուր էլ ունենար, բայց դարեր էին անցել, երկիրը անմարդացել, անապատ էր դարձել և ով կարող էր գուշակել, որ որտեղից էին ջուրը անցկացրել, տարել: Բայց այնպես լավ հողեր ուներ այդ անապատը, այնպիսի դիրք, որ եթե հնարավոր լիներ ջրել, մի քանի հազար մարդու կերակրելուց ջոկ, տիրոջը ահագին գումար տալուց հետո, այնպիսի հազվագյուտ բերքեր կարելի էր առաջացնել այդտեղ, որ իսկապես անապատը կարելի էր դրախտի փոխարկել: Այս պարագան կտրել էր Միր-Մուրթուզայի դադարումը, նա գիշեր-ցերեկ խելքը, միտքը կենտրոնացած մտածում էր այդ կալվածքի մասին:

Երկար խորհելուց հետո Ղասըմը կալվածատիրոջը խորհուրդ տվեց, որ սահմանակից լեռնային գյուղը գնե, որի սարերի լանջերում կարելի է ջուր գտնել և ցած բերելով անջրդի անապատը կենդանացնել: Միր-Մուրթուզան հավանեց այդ խորհուրդը, լսեց Ղասըմին և գնեց սահմանակից լեռնային գյուղը: Բայց այս գյուղի ջրերը հազիվ իր հողերին էին բավականություն տալիս, այնպես որ Ղասըմի անընդհատ ջանքերն ու աշխատությունները անպտուղ մնացին:

Ագահ կալվածատերը այնքան ման էր եկել Ղասըմի հետ, որ ինքն էլ արդեն քիչ թե շատ հասկանում էր. նա նկատեց, որ վերջին անգամ գնած լեռնային գյուղի սահմանակից մի Շահզադի կալվածք շատ մեծ ջուր է պարունակում, որը գյուղացիների բոլոր մշակությունները ջրելուց հետո Շահզադի ահավոր այգեստաններին, մարգաստաններին և նոր տնկած անտառներին էլ բավականություն էր տալիս: Այդ ջրերի ակունքներն այնքան մոտ էին Միր-Մուրթուզայի նոր գնած լեռնային գյուղին, որ եթե Ղասըմը ցանկանար, մի քանի գաղտնի քանքաններ վարեր, կարող էր Շահզադի կալվածքի ջրերը ակունքներից նրանց կեսը աննկատելի կերպով քաշել, դարձնել, իջեցնել դաշտը և իր բարերարի անապատը կենդանացնել:

Միր-Մուրթուզան, երբ երկար-բարակ քննեց և ըմբռնեց, որ կարելի է այդ կերպով իր ամայի երկիրը բնակության հարմարեցնել, սկսեց այլևայլ ձևերով, անուղղակի դարձվածներով հասկացնել Ղասըմին, որ սկսի այդ ջրերի` դեպ իր կալվածները դարձնելու հնարների մասին խորհել: Իսկ Ղասըմը ցույց տալով, թե իբր չի ըմբռնում բարերարի խորհրդավոր ակնարկները, ասում էր.




Конец ознакомительного фрагмента.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/atrpet/erker-ew-vipakner/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


