Վանահայրը նստած է քարի մը, ձեռքը ծնոտին ու մտախոհ կնայի վար: Կիսափուլ կամարի մը տակեն կամաց դուրս կելլե Ճերմակավորը: Վանահայրը` բարձրահասակ, թավ ու ալեխառն, գլխաբաց: Ճերմակավորը նույնպես գլխաբաց, երկար սև մազերով, ասորական ձևի հյուսված սև ու շքեղ մորուքով: Վայրկյան մը երկուքն ալ լուռ կնային իրար:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Հեգնոտ) Կդիտես, կդիտես թագավորությունդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խոժոռ) Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Դիտե, դիտե: Տես, այդ երկու-երեք խարխուլ խցիկները, չէ՞ որ դուն ես շիներ. հապա այն մատուռը, որ քու աճապարանքն է կառուցեր. և վերջապես, նայե, քու այն եկեղեցիդ, որուն գմբեթը օր-օրի կբարձրանա վեր և որու գլխուն շուտով քու իսկ ձեռքովդ խաչը պիտի տնկես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, եթե տերը կամենա:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Նայե ու հպարտացիր: Չէ՞ որ այդ բոլորը քու կամքիդ ծնունդն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի: Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը: