Читать онлайн
Չար ոգին

1 отзыв
Ալեքսանդր Շիրվանզադե
Չար ոգին

I

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:

Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուչ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:

Մի խումբ երեխաներ, մի կիսավեր տան փլատակների վրա ցրված, վազվզում էին այս ու այն կողմ, ծիծաղում, աղաղակում, կենդանություն տալով կիսավեր քաղաքի ամայի փողոցին: Նրանց մեջ կար և մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերուհիները կոչում էին «Սիրուն» Սոնա: Ոտաբաց, գլխաբաց, մի ձեռին բռնած մի կտոր հաց, մյուս ձեռով ճակատի վրա սփռված ոսկեգույն մազերը ուղղելով, կանգնած էր մի հողաբլրի վրա և աղաղակում էր.

– Եկե՛ ք: եկե ՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք:

Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես: Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր, Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել: Արդարև, նա սիրուն էր: Արեգակը այրել և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր: Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»:

– Եկե՛ք, եկե ք, թե կարող եք, ինձ բռնեցեք…

Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու: Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան: Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա: Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում: Նա ուղղակի թավալվեց ինչպես գնդակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից:

Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու: Նա մի տարօրինակ շարժում գործեց: Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին: Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին: Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ: Բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես: Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափերը և սեղմվել մյուս մատների տակ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման: Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վերջապես, բոլորովին կարմրեց: Շնչառությունը մի քանի վայրկյան ընդհատվեց, ապա վերադարձավ: Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ: Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետև – ամբողջ մարմինը: Այժմ նա շնչում էր արագ-արագ, ուժգին և, կարծես, հառաչելով:

Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկերներին: Տասը քայլ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն: Բոլորի դեմքերի վրա նկարված էր և՛ երկյուղ, և՛ հետաքրքրություն: Ի՞նչ պատահեց սիրուն Սոնային: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչու այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում: Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան: Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել: Նա ինքն ընկավ, այս տեսան բոլորը:

«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու: Տանը ոչ ոք չկար: Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու: Նա շրջիկ հացթուխ էր: Ա ՛խ, եթե իմանար, ի նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛ նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես: